Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը ջանում է ավարտել սեփականաշնորհման գործընթացը


Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում կառավարությունը պաշտոնապես Ազգային ժողովին ներկայացրեց հաջորդ երեք տարվա ընթացքում սեփականաշնորհման համար առաջարկվող 900-ից ավելի պետական բաժնեմաս ունեցող խոշոր եւ միջին, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող հանքարդյունաբերության եւ էներգետիկ ոլորտի, ձեռնարկությունների ցուցակը: Դրանով, ըստ էության, ավարտին կհասցվի սեփականաշնորհման տասնամյա գործընթացը Հայաստանում:

Վաղը քննարկվելիք օրինագիծը այսօր խորհրդարանականներին ներկայացրեց պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը: Սպասվում է, որ կառավարությունը խիստ քննադատության է արժանանալու տնտեսության ազատականացման հակառակորդների կողմից:

Խորհրդարանի ձախակողմյան կուսակցությունները արդեն հնչեցրել են իրենց կարծիքը: Դրանցից ամենամեծը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կողմ է, որ պետությունն այնուամենայնիվ մասնավորեցման արդյունքում պահի բաժնեմասերի 51֊ական տոկոսը:

Կառավարությունն առաջարկում է ցուցակում ընդգրված ձեռնարկությունների 40 տոկոսը մասնավորեցնել 2001 թվականին,ապա՝ 30-ական տոկոս՝ հաջորդ երկու տարիների ընթացքում: Ըստ հարցի հիմնական զեկուցող, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի, «եթե լավ առաջարկներ չլինեն... չարժի մասնավորեցնել»:

Դավիթ Վարդանյանն ասաց նաեւ, որ Արամ Սարգսյանի ղեկավարած «Արարատ-ցեմենտ»-ը ու Ստեփան Դեմիրճյանի՝ «Մարս»-ը, նույնպես ցուցակում են. «Արարատ-ցեմենտ»-ի հայտերի ընդունման վերջին ժամկետը հուլիսի 2-ն է, «Մարս»-ինը՝ սեպտեմբերի 1-ը»:

Վաղվա նիստում Ազգային ժողովի խմբերն ու խմբակցությունները կներկայացնեն իրենց տեսակետները:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG