Մատչելիության հղումներ

Մանուչարյանը կրկին հետամուտ է Քոչարյանի պաշտոնանկությանը


«Մենք ուզում ենք տեղյակ պահել, որ Ազգային համաձայնության ճակատը շարունակելու է իր գործունեությունը՝ հասնելով այս հանցավոր իշխանության ապամոնտաժմանը, եւ հաստատելու է նոր ժողովրդավարական իշխանություն: Եվ դա անելու է շատ կարճ ժամկետում», - բացելով Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաք-ասուլիսը, որի ողջ լսարանը կազմված էր մոտ 200 մարդուց, ասաց «Ազգային համաձայնության ճակատ»-ի (ԱՀՃ) ղեկավար Աշոտ Մանուչարյանը:

Այս գլխավոր նպատակի իրագործման շրջանակներում նախաձեռնվելու է երեք միջոցառում: Դրանցից առաջինը վերաբերում է«ԱրմենՏել»-ին Հայաստանում մենաշնորհային իրավունքներ տված գործարքին. «Մենք պատրաստել ենք հայ ժողովրդի ուղերձը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, քանի որ այս հանցավոր գործարքը կրում է միջազգային բնույթ»: Երկրորդը Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից զրկելու պահանջով ստորագրահավաքն է:

Երրորդը, ինչպես ասաց Աշոտ Մանուչարյանը, ժողովրդին իրազեկելն է, «թե ովքեր են այսօր քաղաքական գործիչներից հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Բանն այն է, որ բոլոր նորմալ երկրներում մի շարք կուսակցություններ բացահայտ հայտարարում են, որ իրենց տվյալ նախագահի քաղաքական հենարանն ենք: Իմանանք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը նրա հենարանն է, եւ պատասխանատու է նրա բոլոր գործողությունների համար»:

Լրագրողներին բաժանված ցուցակում ՀՅԴ ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանի, Հրանտ Մարգարյանի եւ Ալվարդ Պետրոսյանի անունների կողքին տեղ էին գտել նաեւ կոմունիստ Յուրի Մանուկյանի, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ ԱԺՄ-ական Ֆիլարետ Բերիկյանի անունները: Ցուցակի վերջում, ճիշտ է, նշվում է. «ԱՀՃ-ն պատրաստ է ներողություն խնդրել այն գործիչներից, որոնք հրապարակավ կհերքեն բերված տեղեկությունը իրենց մասով»:

Ռուսական կողմնորոշման ջատագով Աշոտ Մանուչարյանը ներկա իշխանություններին շարունակաբար քննադատում է արեւմտամետ արտաքին քաղաքականության, կլանայնության եւ սխալ սեփականաշնորհում անցկացնելու համար:

Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG