Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի ամփոփմամբ, «ԱԺ ընդդիմադիր թեւը երեկ պարզ եւ հանճարեղ մի եղանակով տապալեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը օդ ու ջրի նման հարկավոր էր Քոչարյանին»: Սրա հետ կապված, այսպես ասած՝ կողմնակի զարգացումներից մեկնաբանն առանձնացնում է. «Երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ որոշակի պառակտում կա ՀԺԿ ներսում: Այստեղ որոշ պատգամավորներ անցել են իշխանական բանակ... Յուրաքանչյուր անգամ, երբ ՀԺԿ-ն փորձում է ի հայտ բերել սկզբունքայնություն եւ հանդես գալ իշխանությունների նկատմամբ կոշտ ընդդիմության դիրքերից, նրա խորհրդարանական կորպուսը փոքրանում է»: Պատգամավորների կորուստը «չափազանց էական է կուսակցության համար, սակայն լղոզված եւ կոմպլիմենտար տարբերակի դեպքում ՀԺԿ-ն կորցնում է իր հազարավոր շարքային անդամներին», - ծանրութեթեւ է անում «Հայկական ժամանակը»:

«ԱԺ փոքրամասնությունն ապացուցեց, որ իրեն հաշվի չառնել չի կարելի», - վերագրել է «Ազգ» թերթը, ուր նաեւ երեւութավորվում է, թե «խորհրդարանական փոքրամասնությունը վրեժխնդիր եղավ մեծամասնությունից՝ պատասխանելով վերջինիս կողմից բազմաթիվ նախագծերի քվեարկությունների տապալումներին»:

Նշելով, թե «վաղուց խորհրդարանի հարազատ գործելաոճն է դարձել, պատգամավորների խոսքերով ասած՝ «թայֆաբազությունը», երբ պատգամավորները առիթը չեն կորցնում՝ ցանկացած պահի իշխանությունների հետ մտնել «դու ինձ պաշտոն, ես քեզ՝ «հարմար քվեարկություն» գործարքի մեջ», «Երկիր» թերթի մեկնաբանը հենց այս տեսանկյունից էլ պայմանավորել է երեկվա լուրջ դիմադրությունը. - «Խորհրդարան - իշխանություններ Առ եւ Տուրը կարող էր կանխվել միայն կարգավորիչ օրենքի առկայության պարագայում, ինչիսին է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը»:

«Առջեւում թե' խորհրդարանական, թե' նախագահական ընտրություններն են: Իսկ հաղթանակ ապահովելու համար ոչ միայն պետք է պահպանել ունեցած իշխանական լծակները, այլեւ ձեռք բերել նորերը». - նախագծին դեմ եղածների տրամաբանությունն այսպես տեսնելով, «Երկիր»-ի մեկնաբանը հիշեցնում է նաեւ, թե ինչպես էին այդ ուժերը նախորդ ընտրություններից առաջ միավորներ հավաքում պետական կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարություններով: «Առավոտ» թերթում էլ երեսպաշտության մեղադրանքն ուղղված է մյուս կողմին. - «Երեկ հերթական անգամ բացահայտվեց, որ... ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը» լումայի չափ էլ չեն կարեւորում նախկինում իրենց հռչակած սկզբունքները։ Այլապես»,- գրում է թղթակիցը, - «նույնիսկ երեկ էլ խորհրդարանի ամբիոնից բողոքելով 1995-ին նախագահին տրված անսահմանափակ լիազորություններից, գոնե ծպտուն կհանեին, որ այժմ էլ այդ լիազորություններից եւ ոչ մեկից նախագահը չի հրաժարվել... ու նորերը ձեռք բերելու փորձեր է անում»։

«Հայոց Աշխարհ»-ի դեղատոմսով, «ստեղծված կացության մեջ անհրաժեշտ քաղաքական լուծումը միակն է՝ հանրապետության նախագահը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, պարտավոր է անհապաղ լուծարել ներկա Ազգային ժողովը, որը դարձել է լուրջ արգելք երկրի առաջընթացի ճանապարհին»: Թերթի մատուցմամբ, «համակարգային բարեփոխումները ներկայումս փաստորեն կանգ են առել՝ բախվելով օլիգարխիական-կլանային հարաբերությունների պատնեշին... Առանց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունման ու կիրարկման անհնար է կարգի բերել քաղաքական դաշտը, քանզի կլանային համակարգը տնտեսության մեջ ու պետական ապարատում իր ունեցած գերիշխանությունը վերջնականապես կտեղափոխի նաեւ այս ոլորտ: Նման պայմաններում անհնար է նաեւ արմատախիլ անել տնտեսության կլանայնությունը, ինչը խարսխվում է պետական ապարատում առկա հզոր լծակների վրա»:

«Ժամանակ» թերթը զարմացած է, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի ոգեւորվել կառավարության կողմից երկրորդ անգամ ներկայացվող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագծից, որը նախորդ տարբերակի համեմատ ավելի մատչելի է դարձնում զարգվածային միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները: Ընդհանուր առմամբ, «Ժամանակ»-ի հայացքով, խորհրդարանական ընդդիմությունը համատարած գործում է մանրախնդիր, ընդդեմ եւ ի հեճուկս, իսկ «խորհրդարանում չներկայացված քաղաքական ուժերն էլ ակտիվացման նշաններ են ցույց տալիս, քաղաքական դաշտում իրենց գոյությունը հիշեցնելու եւ, առաջիկայում որոշ գործընթացների ծավալման դեպքում, ասպարեզ իջնելու արդարացում ունենալու համար»:

«Խաղաղությունն արդեն կնքված կլիներ, եթե իշխանությունները չխանգարեին». «Առավոտ»-ում այսպես է վերնագրված հարցազրույցը Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի հետ: «Ժողովուրդը որեւէ առնչություն իշխանափոխության հետ չի ունեցել», - անդրադառնում է վերջինս: - «Ընդհանրապես, քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, Հայաստանում չի ձեւավորվել։ Հակառակը, եթե դրա սաղմերը կային 90-ականների առաջին կեսին, ապա այժմ ընդհանրապես գոյություն չունեն։ Իշխանափոխությունը տեղի է ունեցել իշխանության ներսում»:

«Համանախագահողների այն հայտարարությունը, թե իբր, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունները պատրաստ չեն համաձայնության, ընդհանրապես որեւէ քննադատության չի դիմանում», - ասում է Վահան Փափազյանը: - «Հասարակությունները վաղուց են պատրաստ խաղաղության»։ Ըստ նրա, «97 թվականը այն տարին էր, երբ անհրաժեշտ էր իշխանության ներսում համախմբվել եւ գնալ հանգուցալուծման։ Դրանից ավելի լավ տարբերակ (փուլայինը թե փաթեթայինը) չէր կարող լինել։ Պահը բաց է թողնված»:

«Եթե 97-ի փաստաթղթերը այդքան լավն էին եւ շահեկան էին Հայաստանի ու Ղարաբաղի համար, ինչո՞ւ Ադրբեջանը համաձայնել էր ընդունել դրանք»: Թղթակցի այս հարցին Վահան Փափազյանը պատասխանում է. - «Ես չեմ ասել, թե դրանք լավն էին։ Դիվանագիտական լուծումները լինում են կա'մ վատը, կա'մ շատ վատը։ Դրանք այն առավելագույնն էին, որ կարելի էր ստանալ բանակցային ճանապարհով, իսկ Ադրբեջանն ընդունել էր, որովհետեւ այն ժամանակ այլընտրանք չուներ։ Այսօր ունի, դրա համար էլ կոշտացրել է իր դիրքորոշումները»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG