Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը նոր դեսպան է նշանակում Հայաստանում


Ըստ Սպիտակ տնից երեքշաբթի ստացված հաղորդագրության, արտասահմանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ամենակարեւոր ներկայացուցչություններից մեկի՝ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության թիվ 2 դեմքը դառնալու է Հայաստանում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը: Այդ մասին հայտարարել է նախագահ Ջորջ Բուշը:

Ինչպես հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը, Բուշն ընտրել է արհեստավարժ դիվանագետ Ջոն Օրդուեյին, որը 1999 թվականից ի վեր Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանն է: Նշանակումը պետք է հաստատվի ԱՄՆ-ի Սենատի կողմից:

Իր աշխատանքը Հայաստանում ավարտող ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմմոնը այդ պաշտոնը զբաղեցրել է մոտ երեք տարի: Լեմմոնը, որը մի առիթով ասել էր, թե Հայաստանը կարող է դառնալ «Կովկասի տնտեսական շարժիչը»՝ եթե շարունակի բարեփոխումներն ու կարգավորի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, հավանաբար կփոխարինվի մինչեւ տարեվերջ:

Սթենֆորդի համալսարանի եւ Հասթինգսի իրավագիտական քոլեջի շրջանավարտ Օրդուեյը Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունում աշխատում է 1975 թվականից եւ, Պետական դեպարտամենտի մի շարք ստորաբաժանումներում ծառայելուց հետո, պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի ներկայացուցչություններում նախկին Չեխոսլովակիայում, նախկին ԽՍՀՄ-ում եւ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Մոսկվայում դիվանագիտական աշխատանքը նա սկսել է 1996-ից:

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Քոլինզի բացակայության պայմաններում, Օրդուեյին բաժին ընկավ հիմնական դերը սառը պատերազմի ժամանակների ոգով ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալը հարթելու գործում: Մոսկվայում նրան կանչել էին Ռուսաստանի արտգործնախարարություն, եւ Օրդուեյն էր եղել առաջին ամերիկյան պաշտոնյան, որը լսել էր Միացյալ Նահանգներից 50-ից ավելի ռուսաստանցի դիվանագետների արտաքսելուն Ռուսաստանի պատասխան քայլի մասին: Այն օրերին տարածված Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության համաձայն, նրան տեղեկացրել էին ամերիկյան 4 դիվանագետների Մոսկվայից վտարելու եւ «ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների անօրինական գործունեությանը վերջ տալուն ուղղված այլ միջոցների» մասին:

Օրդուեյը, հավանաբար, կլինի ԱՄՆ-ի առաջին դեսպանը, որը կաշխատի Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքում: Պետական դեպարտամենտը ԱՄՆ-ի կառավարությունից դեսպանատան կառուցվող նոր շենքի համար պահանջել է 100 մլն դոլար՝ անվտանգության նպատակներով: Խստորեն պահպանվող ներկայիս դեսպանատունը գտնվում է քաղաքի կենտրոնի խիտ բնակեցված մասերից մեկում եւ չի համապատասխանում Պետդեպարտամենտի պահանջին, ըստ որի դեսպանատները պետք տեղակայված լինեն մոտակա փողոցից առնվազն 100 ոտնաչափ հեռավորություն վրա:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG