Մատչելիության հղումներ

Փաստաբանները բողոքարկելու են համաներումը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա տարածելու մասին որոշումը


«Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Մարինե Ջանոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ քննարկման առարկա դարձնելով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով հունիսի 12-ին հայտարարված համաներումն այս գործով ամբաստանյալների վրա կիրառելու օրինականության հարցը:

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանը նույնպես միացավ Մարինե Ջանոյանի միջնորդությանը, հայտարարելով, որ իրենք «ամբողջությամբ բողոքարկելու են» դատավոր Սամվել Ուզունյանի հունիսի 20-ին կայացրած որոշումը համաներումը «Հոկտեմբերի 27»-ի գործով 6 ամբաստանյալների վրա տարածելու մասին:

Մինչդեռ, դատավոր Սամվել Ուզունյանն ասաց, որ եթե ցանկացած ամբաստանյալի նկատմամբ կայացված վճիռը բեկանված չէ, այն մնում է ուժի, իսկ ամբաստանյալը՝ ազատության մեջ, շեշտելով, որ համաներման ակտը ենթակա է անհապաղ կատարման:

«Հոկտեմբերի 27»-ի գործով 6 ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառումը առիթ էր դարձել Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի եւ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ կոշտ հայտարարության համար: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ առիթով իր խիստ դժգոհությունն էր հայտնել նաեւ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Իսկ դատական այսօրվա նիստում մեղադրողը շարունակում էր հարցաքննել Նաիրի Հունանյանին՝ հիմնականում վերջինիս Թուրքիա կատարած այցելության մանրամասների վերաբերյալ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG