Մատչելիության հղումներ

logo-print

Վիճահարույց օրինագծի քննարկումը խորացնում է տարաձայնությունները «Միասնություն» դաշինքի ներսում


Արտահերթ նստաշրջանի երկրորդ նիստում ԱԺ-ն, ի թիվս այլ օրինագծերի, այսօր սկսեց քննարկել նաեւ հանրապետության նախագահի եւ կառավարության կողմից խիստ կարեւորվող «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը, ինչը, կարծես թե, նոր փորձություն է դառնում սասանված «Միասնություն» դաշինքի համար:

Այսօր Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի առանձնասենյակում հանդիպեցին օրինագծի հեղինակները՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինագիծը լրամշակող աշխատանքային խմբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ (ՀՀԿ) Տիգրան Թորոսյանը, եւ դրա գլխավոր ընդդիմախոս ՀԺԿ֊ի ներկայացուցիչները՝ Ստեփան Զաքարյանն ու Գրիգոր Հարությունյանը: Վերջիններս անդրդվելի մնացին. ՀԺԿ քաղխորհրդի որոշմամբ, իրենք դեմ են քվեարկելու օրինագծին: «Միասնություն» խմբակցությունը հարցը քննարկել է, բայց քվեարկելու համար միասնական որոշում չի ընդունել:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը կոչված է լինելու ապահովել քաղաքացիական ծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը, օրենքի առջեւ նրանց իրավահավասարությունը, ինչպես նաեւ՝ պայքարել կոռուպցիայի դեմ եւ նպաստել կադրային ճիշտ քաղաքականությանը:

Վիճահարույց է մնում, սակայն, առավել սկզբունքային հարցը. օրենքն ընդունվելու արդյունքում ստեղծվելու է եւս մեկ պետական մարմին՝ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որի յոթ անդամներին նշանակելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ: Այս խորհուրդն է ղեկավարելու եւ կազմակերպելու քաղաքացիական ծառայության ողջ դաշտը: Փաստորեն, քաղաքացիական ծառայողների կադրերի բանկը նույնպես անուղղակիորեն հայտնվում է նախագահի վերահսկողության ներքո:

Այս օրինագծի առաջին տարբերակը քննարկվել եւ մերժվել էր Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա հոկտեմբերին:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG