Մատչելիության հղումներ

logo-print

«Արմինկո»-ի տնօրենի կարծիքով, րոպեավճարի կիրառումը կաթվածահար կանի Ինտերնեթ ցանցը Հայաստանում


«ԱրմենՏել»-ի կողմից րոպեավճարի ներդրումը կհանգեցնի հայաստանյան Ինտերնեթ ցանցի կաթվածի, ընկերությունների մեծ մասը կսնանկանա, համարում է Հայաստանում Ինտերնեթ ծառայություններ մատուցող ամենախոշոր կազմակերպություններից մեկի` «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

«Եթե «ԱրմենՏել»-ը որոշի կիրառել րոպեավճարը, եւ դա վերաբերի նաեւ Ինտերնեթ ծառայություններ մատուցողներին, ապա դրանցից օգտվողների թիվը կտրուկ կերպով կկրճատվի, ինչը կհանգեցնի մեր կազմակերպությունների փակմանը: Կստացվի, որ «ԱրմենՏելը» կկտրի այն ճյուղը, որի վրա ինքը նստած է», - ասում է Անդրանիկ Ալեքսանյանը:

Հայաստանում այսօր Ինտերնեթ ծառայություններ են մատուցում շուրջ քսան ընկերություններ։ Ինտերնեթից օգտվողների թիվը մոտ տասը հազար է՝ բնակչության մեկ տոկոսից էլ պակաս։ Ըստ «Արմինկո»-յի տնօրենի, «ԱրմենՏել»-ի տրամադրած կապուղիները թանկ են, քանի որ հեռախոսակապի մենատերը միաժամանակ օգտագործում է ինչպես օպտիկական, այնպես էլ արբանյակային կապը, մինչդեռ, պետք է ընտրություն կատարի, եւ՝ «որոշ ժամանակ հետո «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը պետք է մեկ կարգով իջեցնի սակագները»:

Անդրանիկ Ալեքսանյանը շեշտեց, թե չի կարելի գերշահույթ ունենալ աղքատ երկրում. «Օրենքի սահմաններում գոյություն ունեն այլընտրանքային բազմաթիվ տարբերակներ: Եվ ամենավատ տարբերակը «ԱրմենՏել»-ի համար կարող է լինեն այն, որ հայերը միավորվեն մի կորպորատիվ միություն մեջ եւ ստեղծեն Ինտերնեթի իրենց սեփական միջոցը:

Րոպեավճարի կիրառմանը Հայաստանում դեմ են ինչպես կառավարությունն, այնպես էլ հանրային կարծիքը: Սակայն, հունիսի 15-ին «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենը հայտարարել էր այս տարվա սեպտեմբերի 1-ից րոպեավճարը ներդրվելու իրենց որոշման մասին (մեկ րոպեի համար՝ 4 դրամ): Դրանից մեկ շաբաթ անց տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել էր, որ նախարարության եւ «ԱրմենՏել»-ի մասնագետների համատեղ հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում մշակելու է նոր սակագներ եւ նոր սակագնային քաղաքականություն: Ինտերնեթի սակագներն, ասել էր նախարարը, իջնելու են:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG