Մատչելիության հղումներ

Մեծամորի բանվորները սպառնում են ուշացած աշխատավարձը չստանալու դեպքում դիմել «վճռական քայլերի»


Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանի բանվորները, որոնք չեն ստացել վերջին հինգ ամսվա աշխատավարձը, ուրբաթ օրը նախազգուշացրել են, թե իշխանությունները կարող են բախվել «անկանխատեսելի հետեւանքների», եթե իրենց պարտքը չմարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հասցեագրված բաց նամակում Մեծամորի ատոմակայանի 160 աշխատակիցներ գրում են, որ իրենց օրեցօր խորացող հիասթափության զգացումը ուղղակիորեն վտանգում է կայանի անվտանգ շահագործումը:

«Ատոմակայանի անվտանգ շահագործումն ուղղակիորեն կախման մեջ է մարդկանց բարոյահոգեբանորեն պատրաստ լինելու գործոնից, որն իր հերթին խիստ կախման մեջ է սոցիալական վիճակից՝ աշխատավարձից», - ասված է «Առավոտ» թերթում հունիսի 22-ին հրապարակված բաց նամակում:

«Մենք մեր աշխատավարձից բացի ուրիշ ոչինչ չենք պահանջում եւ ավելի քան ուզում ենք համոզված լինել, որ երկու շաբաթվա ընթացքում կվճարեք բոլոր հինգ ամիսների աշխատավարձը: Հակառակ դեպքում կդիմենք կտրուկ միջոցների, քանի որ այլ ճանապարհ չենք տեսնում», - գրված է նամակում՝ առանց ճշտելու, թե ինչ միջոցների:

Մեծամորի ատոմակայանին, որ տալիս է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 45 տոկոսը, 120 միլիոն դոլարի պարտք ունի «Հայէներգո» գլխավոր բաշխիչ ձեռնարկությունը: Այդ պարտքը չստանալն է աշխատավարձերի չվճարման հիմնական պատճառը: Ատոմակայանի հետագա աշխատանքը հարցականի տակ ընկավ այս ամսվա սկզբին, երբ կառավարությանը չհաջողվեց նոր վարկ ստանալ Ռուսաստանից՝ Մեծամորի գործող միակ ռեակտորը հետագա աշխատանքի համար անհրաժեշտ վառելիքով ապահովելու համար:

Հունիսի 7-ին կառավարությունն ընդունեց 1999 թվականի վարկի 11,7 միլիոն դոլար չափաբաժինն ապահովելու իր անկարողությունը: Այդ գումարով Ռուսաստանից միջուկային վառելիք պիտի գնվեր: Նախարարները որոշեցին, որ Մեծամորի ղեկավարությունն ինքնուրույն պետք է միջոցներ գտնի ատոմակայանն աշխատացնելու համար:

Ատոմակայանի գործադիր տնօրեն Սուրեն Ազատյանը, չհամաձայնելով նման որոշմանը, ասել էր, որ դրա փոխարեն կառավարությունը պիտի «Հայէներգո»-ին ստիպեր վճարել պարտքը:

Խորհրդային տարիներին կառուցած Մեծամորի ատոմակայանը հուլիսի սկզբին դադարեցնելու է աշխատանքը՝ պլանային վերանորոգման եւ միջուկային վառելիքի վերալիցքավորման համար: Եթե չհաջողվի ապահովել միջուկային վառելիքի ձեռքբերումը, ատոմակայանը կարող է կանգ առնել երկար ժամանակով:

Ատոմակայանը փակելու ուղղությամբ Հայաստանը ենթարկվում է ճնշումների, քանի որ մտահոգություն է առաջացնում ռեակտորների անվտանգությունը: Հայաստանը միջազգային օժանդակություն է որոնում էներգիայի այլընտրանքային աղբյուրները զարգացնելու համար:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG