Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Դատելով ամեն ինչից, համաներումը «Հոկտեմբերի 27»-ի գործի լույսի ներքո (եւ հակառակ ուղղությամբ) դիտարկելու քարոզարշավը նոր թափ է հավաքում: Սակայն, ի տարբերություն շահարկումների նախկին ծանոթ ձեռագրի, այսօր արդեն դրանցում նոր երանգ է հայտնվել», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Մառազմը, բացահայտ կեղծիքն ու աճպարարությունը դարձել են ոչ թե հիմնական, այլ միակ ասելիքը»: Սրա փայլուն օրինակ է որակված Ալբերտ Բազեյանի ստորագրությամբ «Հանրապետություն» կուսակցության վերջին հայտարարությունը: «Ինչի՞ց կամ որտեղի՞ց է Ա. Բազեյանը եզրահանգել, թե հասարակությունն ունի հարցի հանդեպ միասնական որեւէ կարծիք, իսկ նախագահը՝ դրան հակառակ», - հարց է դնում մեկնաբանը: Կամ եթե հայտարարում են, թե «միանգամայն կանխատեսելի էր, որ նույնիսկ այնպիսի հումանիստական նախաձեռնություն, ինչպիսին է համաներումը, գործադիր իշխանություններն օգտագործելու են «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը նախանշված սցենարով իրագործելու համար», ինչո՞ւ ԱԺ-ում համաներմանը դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր՝ այդ թվում «Հայաստան» խմբակցությունից ու ՀԺԿ-ից»: Այսպես, «Հայոց Աշխարհ»-ը կրկին հանգում է շեշտադրման, «որ այս ողջ իրարանցումն ու հիստերիան ընդամենը իշխանության համար է արվում»:

«Առավոտ»-ի թղթակցի հարցին՝ «ինչո՞ւ ՀԺԿ-ն ավելի կոշտ դիրքորոշում չներկայացրեց համաներման վերջին աղմուկի հետ կապված, բայց, օրինակ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես եկավ խիստ թափանցիկ հայտարարությամբ», ՀԺԿ վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանը պատասխանել է. ««Մենք լիարժեք կիսում ենք այդ հայտարարության մեջ արտահայտված վրդովմունքը, բայց մի մոռացեք, որ մենք ունենք մեծաթիվ խորհրդարանական խումբ, որը կարող էր իր դիրքորոշումը ցույց տալ Ազգային ժողովում։ Այսինքն, մենք կարող էինք կանխել այն, ինչ կատարվեց, ցավոք չարվեց։ Այդ պատճառով միայն մենք նպատակահարմար չգտանք միանալ «Հանրապետություն» կուսակցության հայտարարությանը»: «Առավոտ»-ի փոխանցմամբ, «Միասնություն» խմբակցությունը երեկվա նիստում կարծես որոշման է հանգել, որ կարելի է չշտապել արտահերթ նստաշրջանում քննել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, այն «լրամշակել եւ խորհրդարանին կրկին ներկայացնել արդեն աշնանային նստաշրջանում»:

Երեկ այս օրենքի նախագիծը հերթական անգամ քննարկվեց նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: «Հայկական ժամանակ»- փոխանցմամբ, ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանն ասել է, որ «կառավարությունը այս օրենսդրական նախաձեռնությամբ օժանդակում է նախագահ Քոչարյանին, որպեսզի վերջինս յուրացնի իշխանությունը, որը իրեն Սահմանադրությամբ վերապահված չէ»: Եվ ընդհանրապես՝ օրինագիծը հակասում է Սահմանադրության առնվազն մի քանի հոդվածի: Հիշյալ հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայացքով, «եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ իրոք, օրենքը հակասահմանադրական է, պատգամավորները 1/2-ով կարող են ՍԴ-ին ներկայացնել նախագահի պաշտոնանկության հիմքերը, եւ, եթե ՍԴ-ն որոշի, որ այդ հիմքերը բավարար են, ապա ԱԺ-ն կարող է պաշտոնանկ անել նախագահին»: Հանձնաժողովի անդամներից Կիմ Բալայանը, սակայն, սրան հակաճառել է. «Աժ-ն չի կարող իմպիչմենտ իրականացնել, քանի որ Սահմանադրությամբ իմպիչմենտ կարելի է միայն պետական դավաճանության եւ ծանր հանցագործության դեպքում»: Ներկայացնող լրագրողի համոզմամբ, «պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկելու այս օրենքի ընդունմանը, քանի որ նրանք այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ո'չ Սահմանադրությանը, ո'չ ռեժիմի հաստատմանը: Նրանց համար այդ ռեժիմն արդեն վաղուց գոյություն ունի»:

«Սերբիայի խորհրդարանը օրերս ընդունեց մի օրենք, համաձայն որի՝ սահմանվում է նոր հարկ. այն վերաբերում է նախկին նախագահ Միլոշեւիչի՝ կառավարման շրջանում ձեռք բերված ունեցվածքին: Մասնավորապես նախատեսվում է մինչեւ 50 հազար դոլարի գումարից ու այլ ունեցվածքից հարկել 30 տոկոսը, իսկ 5 միլիոն դոլարից սկսած՝ 90 տոկոսը: Այս օրենքի ընդունումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ նախկին նախագահի ժամանակ նրա քաղաքական համախոհներն ունեին «ստվերային» ձեռնարկատիրության լայն հնարավորություններ»: Այս զուգահեռի վրա անդրադառնալով հայաստանյան իրավիճակին, «Ժամանակ» թերթի մեկնաբանը նշում է. «Արդեն որերորդ ամիսն է՝ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ պայքարում է «ստվերի» դեմ... Ա. Մանուկյանի հակաստվերային պայքարից առ այսօր պարզ չէ, թե այն ի՞նչ ծագում ունի, ո՞ր շրջանակներն են դա հովանավորում, եւ ընդհանրապես այս պայմաններում դժվար է հասկանալ, թե որո՞նք են հակաստվերային հիմնական քայլերը»:

«Հայաստանում «թալանվածի» ու այն երբեւէ «ետ բերելու» բանավեճը հանրահավաքային ժանրից այն կողմ չի զարգանում... ուցե «փորձի փոխանակումն» այս հարցում Հայաստանի համար էլ խնդրի լուծում դառնա», - եզրափակել է մեկնաբանը, մատնանշելով, որ եթե մեզանում էլ գործի դրվի կապիտալը լեգալացնելու մեխանիզմ, թաքցված գումարների տեղն ու չափը կհստականա, դրանք հարկելը անհամեմատ կհեշտանա:

Մամուլում շարունակում է ծավալվել դժգոհությունը «ԱրմենՏել»-ի գործունեությունից: Մասնավորապես, «Երկիր»-ի մեկնաբանի գնահատմամբ, այդ ընկերությունը կարծես արդեն լիովին տարված է «մենատիրական հովերով եւ այլեւս ունակ չէ լսելու հայ գործընկերների կարծիքը»: «Դատելով հունիսի 15-ի մամլո ասուլիսից ի վեր «ԱրմենՏել»-ի նորանշանակ ղեկավարության դրսեւորած ակնհայտ ինքնավստահ վարքագծից՝ վերջինս ամեն կերպ պետք է փորձի ներկայումս ընթացող հայ-հունական «դիալոգը» փոխարինել զուտ հունական «մոնոլոգով», - կանխագծում է «Երկիր»-ը:


Վարե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG