Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Գռիզլովը կոչ է անում պայքարել միջազգային ահաբեկչության դեմ




Երեւանում այսօր ավարտված ԱՊՀ 12 երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական երկօրյա նիստի արդյունքների մասին որեւէ հայտարարություն չի տարածվել եւ փաստաթղթեր չեն ստորագրվել:

Նիստից հետո կազմակերպված պատվիրակությունների ղեկավարների համատեղ ասուլիսում, Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովն ասել է, որ թեեւ Հայաստանի հետ համագործակցություն փաստորեն չկա, դա չի նշանակում, որ հատկապես հանցավորության դեմ պայքարելու համար միմյանց օգնելու կարիքը չեն զգում: Նախարարն ավելացրել է, որ իրենք շատ հաջող համագործակցում են Վրաստանի հետ եւ, երբ քաղաքական իրավիճակը թույլ տա, կհամագործակցեն նաեւ Հայաստանի հետ:

Բացելով ասուլիսը, Հայաստանի ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանն ասաց, որ ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստը անցել է փոխըմբռնման, գործնական եւ կառուցողական մթնոլորտում: Նա տեղակացրել է, որ քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ: Հայկ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՊՀ երկներում մեր իրավապահների կողմից հետախուզվող 60 հայաստանցի է ձերբակալվել եւ հանձնվել Հայաստանին, իսկ մեզ մոտ ձերբակալվել եւ ԱՊՀ այլ երկրների է հանձնվել 14 հանցագործ:

Անդրադառնալով երեւանյան նիստում քննարկված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերին, Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովն ասել է. «Այսօր խոսում ենք այն մասին, որ միջազգային ահաբեկչությանը դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբել մեր ուժերը»: Նա ներկայացրել է Ռուսաստանի կողմից Չեչնիայում իրականացվող միջոցառումները եւ հավաստիացրել, որ երեւանյան նիստի մասնակիցները, հավանություն տալով այդ միջոցառումներին, եկել են այն եզրակացության, որ հարկավոր է տեղեկատվություն փոխանակել միմյանց տարածքներում ահաբեկիչների հնարավոր առկայության մասին, միջոցներ ձեռնարկել՝ նրանց ձերբակալելու ու հանձնելու նպատակով:

Բորիս Գռիզլովն ավելացրել է, թե ներքին գործերի նախարարների խորհուրդը ԱՊՀ համագործակցության եւ ռեալ հարցեր որոշելու առումով առաջադեմ կառույց է: Նրա խոսքերով համատեղ գործողություններ են իրականցվում սահմանամերձ շրջաններում. մի երկրից մյուսն անցած հանցագործներին հետ հանձնելու գործում խնդիրներ չունեն:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարը շեշտել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ լայնածավալ պայքարի գործում ԱՊՀ երկրների ջանքերն էլ ավելի համախմբելու անհրաժեշտությունը:


ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների հաջորդ նիստը տեղի կունենա Թբիլիսիում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG