Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահն ասել է, որ պատրաստ է այցելել Հայաստան


Բաքվում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի լիագումար նիստին մասնակցող մեր պատվիրակության եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ հանդիպում տեղի չի ունեցել: Պատվիրակության ղեկավար Վիկտոր Դալլաքյանն, այնուամենայնիվ, չի կարծում «որ քաղաքական ինչ-որ ենթատեքստ այդտեղ գոյություն ուներ»: Հայաստանի պատվիակությունն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի երկրորդ դեմքի՝ Միլլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ:

Հանդիպման մեխը, կարելի է ասել, այս բանավեճն է եղել՝ նախ Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորում, հետո նոր՝ Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցությու՞ն, թե՞ հակառակը: Հայ պատգամավորները, ինչպեսեւ պաշտոնական Երեւանը, կողմ են մինչեւ կարգավորում տնտեսական շփմանը, ավելին, գտնում են, որ շփումները կարող են դյուրացնել կարգավորումը: Ադրբեջանը պնդում է. նախ խնդրի լուծում, ապա՝ տնտեսական կապեր:

Վերջին շրջանում Բաքվում են եղել Հայաստանի կրթության նախարարը, փախստականների վարչության պետը, առողջապահության փոխնախարարը, սպասվում է Հայաստանի տրանսպորտի նախարարի այցը: Ալեսկերովը, մեր պատգամավորների փոխանցմամբ, ասել է, որ արդեն իսկ համագործակցություն կա տարբեր ասպարեզներում, բայց տնտեսական համագործակցության մասին առայժմ վաղ է խոսելը: Միլլի Մեջլիսի նախագահն, այդուհանդերձ, ասել է, որ պատրաստ է այցելել Հայաստան՝ խորհրդարանների մակարդակով: Նա նաեւ առաջարկել է ստեղծել Հայաստան֊Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամակական խումբ:

Ինչ վերաբերում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը նշում է, որ իր առջեւ դրված բոլոր խնդիրները լավագույնս լուծել է Բաքվում: Որոշում է ընդունվել կազմակերպության բնապահպանական ծրագրերի մեջ ներառել Սեւանի հարցը, ինչը թերեւս նպաստի, որ Սեւծովյան տնտեսական բանկի միջոցներից որոշակի հատկացումներ արվեն Սեւանի խնդիրները լուծելու համար:

Պատվիրակության անդամները խիստ կարեւոր դիվանագիտական հաղթանակ են համարում այն, որ վեհաժողովի փոխնախագահի թափուր տեղերից մեկում ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը: Նույնիսկ Թուրքիայի խորհրդարանի պատվիրակներն են կողմ քվեարկել այս թեկնածությանը, իսկ պատվիրակության ղեկավարն ասել է. «Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ստեղծել բարիդրացիական հարաբերություններ, եւ այս մեր քվեարկությունը պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով»:

Հայաստանի ներկայացուցիչը մեկ անգամ արդեն ընտրվել էր Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի փոխնախագահ՝ 1994-ին: Դա Ազգային ժողովի փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էր:

1990 թվականից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ էր այցելում Բաքու: երագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանը 1993 թվին անձնական նախաձեռնությամբ էր մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:


Ռուզան Խաչատրյան, երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG