Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդդիմադիր ուժերի մեծ մասը ավելի ու ավելի է հակվում հականախագահական կեցվածքի, իսկ կառավարող կոալիցիան ավելի ու ավելի է կապվում Ռոբերտ Քոչարյանի հետ», - այսպես է տեսնում քաղաքական կյանքի ընթացքը «Իրավունք» թերթը, մասնավորապես, առանձնացնելով. - «Հանրապետություն» կուսակցության երեկվա «հայտարարությունում արդեն իսկ ուղղակիորեն խոսվում է իշխանափոխության անհրաժեշտության մասին... «Հանրապետության» հետ ավանդաբար դաշնակցող ՀԺԿ-ի դիրքորոշումը ավելի կարծր կդառնա, հավանաբար, նախագահի կողմից հրավիրվող արտահերթ նստաշրջանից հետո, որտեղ ՀԺԿ-ն մտադիր է կռիվ տալ «Քաղաքացիական ծառայության մասին»՝ Ռ. Քոչարյանի համար չափազանց կարեւոր օրինագծի դեմ»: Աստիճանաբար ավելի ու ավելի արդիական է դառնում նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածուի հարցը, բայց, ի մի է բերում մեկնաբանը, դեռ շատ անորոշ է՝ ով կարող է դառնալ միացյալ թեկնածու. տարբեր ճյուղերի հարաբերություններում բազմաթիվ կնճռոտ խնդիրներ կան: «Իրավունք»-ի մի դիտարկմամբ էլ, «Ռոբերտ Քոչարյանը շտապեց հրավիրել արտահերթ նստաշրջան, որպեսզի փորձի արագորեն անցկացնել սեփական վարչական ռեսուրսներն ամրապնդող որոշակի օրինագծեր»:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը, որը մեկ անգամ արդեն խորհրդարանում չի ընդունվել եւ ուղարկվել է վերամշակման: «Առավոտ»-ի մեկնաբանի հայացքով, սակայն, «գլխավոր խնդրում կառավարությունը զուտ ձեւական, անվանական փոփոխություն է կատարել: Եվ ինչպես նախորդ տարբերակը, այս նոր նախագիծն էլ իրականում միտված է հակաժողովրդական նպատակի՝ կա'մ իշխանության մարմինների համար արդեն օրենսդրորեն ամրագրել ցույցեր, երթեր եւ հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարման հնարավորությունը, կա'մ առավելագույնս բարդացնել այդ իրավունքի իրացման մեխանիզմները»։

«Առավոտ»-ն ու «Հայկական ժամանակ»-ը այսօր միաձայն շեշտադրում են, թե նախագահ Քոչարյանը իրեն կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի միջոցով բարեփոխումների երեւութականություն է ստեղծում՝ որեւէ բան չզիջելով, նոր Սահմանադրության նախագիծն էլ հույժ գաղտնի է պահվում: «Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության նախագիծը, ըստ էության, ստեղծվել է երկարատեւ, բաց եւ հրապարակային քննարկումների արդյունքում», - համեմատում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկված էին քաղաքական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները: Այժմ նախագահին կից գործող հանձնաժողովը կազմված է պալատական գիտնականներից եւ չինովնիկներից: Նրա որեւէ նիստին որեւէ լրագրող չի մասնակցել, եւ հայտնի չէ անգամ՝ գործե՞լ է այդ մարմինը, թե՞ ուղղակի ինչ-որ մեկը սահմանադրական բարեփոխում է մոգոնել, ու հանձնաժողովի մնացած անդամները վավերացրել են այդ գյուտը»:

«Ժամանակ» թերթում որպես օրվա գերխնդիր առանձնացված է կառավարման համակարգի առողջացումը, այս առումով հատկապես՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումը: Իսկ սրա ընդունման ձգձգումները, ինչպես հղել է մեկնաբանը, «երկրի նախագահը կապում է որոշ շահագրգիռ ուժերի կոշտ դիմադրության հետ՝ ակնարկելով, որ կոռուպցիային հասցվող հարվածն այնքան ազդեցիկ է լինելու, որ կոռումպացված տարրերը լոբբի են իրականացնում օրենքի ընդունումը ձախողելու համար»:

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի նախագծին: «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում սա կարեւորելուց զատ, ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը խոսել է նաեւ այս օրերին պտտվող մի քանի հարցի շուրջ: «Նաիրի Հունանյանը ազգային անվտագության մարմինների կողմից որպես գործակալ հավաքագրված չի' եղել», - հայտարարում է նա: - «ԱԱՆ մեկուսարանում «արտաիրավական» հորջորջված օգնություն ցուցաբերելը միանշանակ բացառում եմ... Այս շահարկումների հեղինակները հետապնդում են «Հոկտեմբերի 27»- քրեական գործը ներքաղաքական լարվածության առարկա դարձնելու նպատակ: Ու շատ լավ տեսանելի է, թե ովքեր են այդ գործողությունները կազմակերպում եւ կատարում: Եթե նրանց թվում է, թե իրենց ստորջրյա նկրտումներն անտեսանելի են, ապա չարաչար սխալվում են», - ասում է ազգային անվտանգության նախարարը:

Օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Աբասովը հայտարարեց, թե իրենք պատրաստվում են հակաահաբեկչական գործողություններ իրականացնել «գրավյալ տարածքներում»: Կառլոս ՊԵտրոսյանը սրան արձագանքել է այսպես. - «Ցավալի է, եւ իրոք զարմանում եմ, որ որեւէ երկրի ԱԱ նախարար կարող էր նման անհեթեթ հայտարարություն անել: Ցավում եմ նաեւ, որ այդ մարդը չի կարողանում ազգային ազատագրական պայքարը զանազանել ահաբեկչությունից... Եթե Ադրբեջանի նախարարը գտնում է, թե իրենք կարող են հիշյալ տարածքներում նման միջոցառում անցկացնել, ուզում եմ հավաստիացնել, որ նրանց ցանկացած գործողություն կստանա համարժեք արժանի հակահարված»:

«Երկիր» թերթի գլխավոր հրապարակումն այսօր պատերազմի թեմայով է, եւ մեկնաբանը ընդգծում է. - «Չպետք է միարժեք վերաբերմունք դրսեւորել պատերազմի նկատմամբ: Ճիշտ է, դրանք կործանարար են, ավերիչ, բայց քանի որ ժողովուրդների կյանքում չեն բացառում, չլինի այնպես, որ մենք պացիֆիզմի դիրքերից մերժենք բոլոր պատերազմները, նաեւ այն դեպքում, երբ մեր հարեւանները գիշեր-ցերեկ զինում են իրենց բանակները եւ ագրեսիվ նկրտումներ դրսեւորում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG