Մատչելիության հղումներ

ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները համախմբվում են հանցավորության դեմ




Այսօր Երեւանում բացվեց ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Երեւան ժամանած Ադրբեջանի, Վրաստանի, Ղըրղստանի, Մոլդովայի. Ռուսաստանի պատվիրակությունները, ինչպեսեւ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում են ներքին գործերի նախարարները, մյուս 6 երկրներինը՝ նախարարի տեղակալները:

Այսօր, ընդունելով նիստի մասնակիցներին, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել ԱՊՀ զարգացման եւ ամրապնդման օգտին: Նրա խոսքերով, մի քանի ուղղություններ կան, որտեղ համագործակցության շահագրգռությունն ակնհայտ է. դրանցից մեկը հանցավորության դեմ պայքարն է, որը կարող է արդյունավետ լինել միայն համատեղ ջանքերով:

Երեւանյան նիստի բացմանը Ղըրղզստանի ներքին գործերի նախարարը խորհուրդը նախագահողի լիազորությունները փոխանցեց Հայաստանի իր գործընկերոջը: Մինչեւ հաջորդ նիստը, որի ժակետը կորոշվի Երեւանում, ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդում նախագահելու է Հայաստանի ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը:

Նիստի բացմանը ներկա էր եւ ողջույնի խոսք ասաց Հայաստանի վարչապետը: Նա, մասնավորապես, ասաց, որ ԱՊՀ պետություններում ձեւավորվում է նոր իրավական դաշտ, եւ իրավապաշտպան մարմինների առջեւ ծառանում են այնպիսի համապարփակ խնդիրներ, ինչպիսին են պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ:

Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ-պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցությանը վերաբերող հրատապ խնդիրները: Կքննարկվի 2000-2003 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների, մինչեւ 2003 թվականը միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ դրսեւորումների դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքը: Կքննարկվեն նաեւ տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի միջկառավարական համաձայնագրի նախագիծն ու 1999 թվականին խորհրդի ընդունած «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ակտիվացման միջոցների մասին» որոշման կատարումը:

Վաղը ստորագրվելիք փաստաթղթերը, ըստ Ղըրղզստանի ներքին գործերի նախարարի, եւս մեկ քայլ կլինեն հանցագործության դեմ պայքարը նոր որակական աստիճանի բարձրացնելու ճանապարհին:

Ինչպես Երեւանում այս տարվա մայիսի վերջին Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած ուժային կառույցների ղեկավարների հանդիպումներում, այնպես էլ ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստում հիմնական շեշտը դրվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման վրա: Ռուսաստանի պատվիրակության մամուլի ծառայության ղեկավարը «Ինտերֆաքսին» ասել է, որ փոխանցվելու են հետախուզվող ահաբեկիչների ցուցակներ: Խոսքը հիմնականում Չեչեն ահաբեկիչների մասին է, որոնք կարող են սահմանակից Վրաստանի եւ Ադրբեջանի տարածք անցնել:

Վաղը ԱՊՀ անդամ- երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի
20-րդ նիստը կշարունակի իր աշխատանքը:


Հրաչ Մելքումյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG