Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ես վստահ եմ, որ Ղարաբաղի խնդրի լուծումը անորոշ երկար տարիներ չի ձգվելու», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը: - «Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը լուծելու է այդ խնդիրը։ Եվ ես վստահ եմ նաեւ, որ այն լուծումը, որ կընդունենք, կլինի շահեկան Հայաստանի համար»։ Ալեքսան Հարությունյանի կարծիքով, «փարիզյան սկզբունքների հիման վրա լուծումն այսօր միակ հնարավորն է, որ կարող է բավարարել կողմերին եւ կայուն խաղաղության հիմք դառնալ»։ Տարածքների փոխանակման մասին չդադարող լուրերում նա միտում է տեսնում, որ ոմանք ուզում են այդ թեմայով անընդհատ խոսել, հերքում ստանալ՝ զուտ ինչ-որ նյութ ունենալու համար: «Բավական զվարճալի է տեսնելը, թե ինչպես են հրապարակի վրա չեղած խնդիրները դառնում տարբեր ենթադրությունների եւ վեճերի առարկա», բայց որքան կարելի է նույն բանը, արդեն ձանձրալի է, - ասում է նախագահի խորհրդականը: Ընդհանուր առմամբ, նա խորհուրդ է տալիս այսօր ենթադրություններ չանել, ուղղորդելով՝ «երբ փաթեթը կդիտարկվի իր ամբողջության մեջ՝ ամեն ինչ շատ ավելի հստակ կարելի է գնահատել... Եվ գուցե շատ հարցեր, որ այսօր խորհրդանիշերի մակարդակով սառը պատերազմի առիթ են դառնում կողմերի միջեւ, այդ հայացքով այլեւս երկրորդական թվան»։

«Անցած երեք տարիներին Քոչարյան - Ալիեւ 17 հանդիպումները, մեղմ ասած, որեւէ արդյունք չեն տվել», բանակցային գործընթացը փակուղի է մտել, - բավական խիստ անդրադառնում է այսօր հանրապետականների «Ժամանակ» թերթը: - «Ղարաբաղի հարցի լուծման հետաձգումը հիմնականում կապվում է 2003 թ. նախագահական ընտրությունների, այսինքն՝ այդ ընտրություններում Ռ. Քոչարյանի հնարավորությունների հետ... Նշվում է, որ եթե մինչեւ հաջորդ ընտրությունները ստորագրվի քաղաքական փաստաթուղթը, ապա Ռ. Քոչարյանի շանսերը զգալիորեն կնվազեն: Եվ եթե բանակցությունների հետաձգումը կարող է ձեռնտու լինել Ռ. Քոչարյանին, ապա բավական մեծ հարց է, թե այն ինչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար»: «Բանակցությունների հետաձգման մասին խոսելիս՝ շատ կարեւոր է հաշվի առնել, թե այդ ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական առաջընթացն ինչպիսի հարաբերակցություն է ունենալու», - ընդգծում է մեկնաբանը, այս առումով ներկայացնելով Հայաստանի համար ոչ շահեկան հետեւյալ պատկերը. - «Վերջին 3 տարիներին մակրոտնտեսական գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին: Դրան ավելացնենք ադրբեջանական նավթային եւ գազի պաշարները, աշխարհագրական դիրքը, բնակչության շուրջ երկու-երեք անգամ գերազանցությունը»: Անհամեմատ ավելի են եւ օտարերկրյա ուղղակի ներդրումները Ադրբեջանում:

«Գաղտնիք չէ, որ արդեն տասը տարի շարունակվող տնտեսական բարեփոխումային գործընթացների գնահատման հարցում Հայաստանի շարքային քաղաքացիները եւ իշխանավորները միայն շատ հազվադեպ են համակարծիք... լուրջ ուշադրություն է պահանջում շարքային քաղաքացու կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող օրինաչափ ու տրամաբանական հարցը՝ «ինչու է այսքան վատ, եթե այդքան լավ է»», - առանձնացնելով սա որպես հրատապ խնդիր, «Երկիր»-ի մեկնաբանը արձանագրում է. - «Ցավոք, հարցը գործնականում առայժմ անպատասխան է, ինչն էլ, իր հերթին, ավելի է խորացնում կասկածը, թե երկրիս իշխանությունները պարզապես չեն ցանկանում ձեռք քաշել սեփական սխալների վրա սովորելու տխրահռչակ գործելաոճից՝ տուրք տալով նույնքան տխրահռչակ «հետին խելքի» սինդրոմին»:

Օրերս «Հայոց Աշխարհ»-ը հրապարակեց հարցազրույցների շարք վարչապետի գլխավոր խորհրդական, պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանի հետ: Ի պատասխան այս հրապարակումների, խմբագրությունը նախարարության հարյուրից ավելի աշխատակիցների ստորագրությամբ մեծածավալ նամակ է ստացել, որը, սակայն, չի հրապարակում հետեւյալ նկատառումներով, - «Գագիկ Պողոսյանի հարցազրույցներն անձնավորված բնույթ չէին կրում եւ ուղղված չէին կոնկրետ որեւէ անձի դեմ: Դրանք մեր կյանքի տարբեր ոլորտներում առկա վիճակի խորը եւ մասնագիտական բարձր մակարդակով արված վերլուծություններ էին... Պրոֆեսիոնալի կողմից տրված են վիճակը շտկելու կոնկրետ ու իրատեսական առաջարկներ»: Մինչդեռ՝ «ՊԵ նախարարության պատասխան նամակը լի էր կոնկրետ Գ. Պողոսյանի հասցեին անձնական վիրավորանքներով... Հստակ երեւում է ագիտացիայի գծով քաղկոմի հրահանգչի ոճը: Այն է. նախարարը հանձնարարում է մեկին պատրաստել տեքստը, հետո հրավիրում վարչությունների ու բաժինների պետերին ու հանձնարարում կազմակերպել ստորագրահավաքը»: «Չենք հավատում ոչ միայն ինքնաբուխ ստորագրահավաքին, այլեւ նամակի ազնիվ ու անշահախնդիր մղումներին», - անբողջացնում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հավատանք, երբ ականատես ենք նախարարության վերջին շրջանի բավական ուշագրավ կադրային փոփոխություններին: Ահավասիկ. բառացիորեն երեկ մաքսային պահեստի վերածված Երեւանի սառցակոմբինատ «Ձյունիկ» ՓԲԸ տնօրեն եւ հանրահայտ «Օջախ» ռեստորանի տեր Ռաֆիկ Եգանյանը նշանակվել է ՊԵՆ հարկային տեսչության պետի տեղակալ: Ռ. Եգանյանը ՊԵՆ մաքսային վարչության պետ եւ ի պաշտոնե փոխնախարար Մանվել Եգանյանի հարազատ հորեղբոր տղան է»: Նրա հսկայական ռեստորանն էլ, թերթի տվյալներով, ծիծաղելի չափերի հարկեր է միայն մուծում:

Համաներման շրջանակներում երեկ ազատ արձակվեցին «Հոկտեմբերի 27»-ի գործով «վեց ամբաստանյալ, այդ թվում եւ սկզբնական շրջանում հանցախմբի անդամ Արմեն Հարությունյանը»: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, «կատարվածը քաղաքական որոշ շրջանակներում արդեն իսկ համարում են քաղաքական ակցիա, իբր, Հունանյանի խմբին ցույց են տալիս, թե նրանց տեր կանգնելու մասին տրված խոստումը պահվելու է մինչեւ վերջ»: Նախկին նախարար Վահան Շիրխանյանն էլ «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Սա «27»-ի հեղաշրջման կազմակերպիչների հերթական հաղթանակն է եւ ոչ միայն իրավական, այլեւ՝ բարոյական դաշտում... Այդ ամենը նաեւ զոհվածների շահերը պաշտպանող եւ նրանց ժառանգորդը համարվող կառույցների պառակտվածության եւ միմյանցից անջատ գործելու, երբեմն իրադարձություններին համարժեք չարձագանքելու, նաեւ օրենսդիրների իրավական տգիտության արդյունքն է»: Թղթակիցը իր զրուցակիցներից շատերի արձագանքը խտացրել է այսպես. - «Իշխանություններն անուղղակիորեն լրացուցիչ հույսեր եւ երաշխիքներ են տալիս Ն.Հունանյանին ու նրա խմբի մյուս մասնակիցներին: Մնում է սպասել, որ մի գեղեցիկ օր Հունանյանն էլ համաներման ցուցակում կհայտնվի կամ դատավարության ընթացքում կփոխվի եւ կմեղմացվի նրա հանցանքը»:

«Իրոք ամեն ինչ սպասելի է չափազանց գրագետ եւ հստակ գործող այս իշխանություններից, առավել եւս, որ ընդդիմության դաշտում գործող եւ «27»-ին հետամուտ ուժերն են չափազանց տգետ», - եզրափակված է «Առավոտ»-ում: Մյուս կողմից «Ազգ» թերթի մեկնաբանը, այս հարցով շահարկումները բնավ չբացառելով, միաժամանակ ընդգծում է՝ «համաներման որոշումը ընդունել է այն Ազգային ժողովը, որտեղ կատարվել է հանցագործությունը, եւ որի մեծամասնությունը տուժող է ճանաչվել այս քրեական գործով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG