Մատչելիության հղումներ

Ներում է շնորհվել «Հոկտեմբերի 27»-ի գործով 6 ամբաստանյալի




Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով հայտարարված համաներումը տարածվել էր նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով որոշ ամբաստանյալների վրա: Այսօր Կենտրոն - Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում հերթական դատական նիստի ժամանակ հենց դահլիճում ազատ արձակվեցին ծառայական անփութության եւ այլ՝ ոչ շատ խիստ պատիժ նախատեսող հոդվածներով նախնական կալանքի տակ գտնվող ոստիկաններ Արմեն ասպարյանը, Ավետիք Մինասյանը, ինչպես նաեւ Զլեչյանը, Մկրտչյանը, Եթիմյանը եւ Հարությունյանը, որոնց նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց էր ընտրված եւ որոնք ամբաստանյալի կարգավիճակով ներկայանում էին բոլոր նիստերին: Այսպիսով, «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներ մնացին միայն ԱԺ շենք մուտք գործած խմբի հինգ անդամները:

Այսօր Նաիրի Հունանյանին շարունակում էր հարցաքննել մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը: Հարցերը վերաբերում էին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կատարվածին:

Նաիրի Հունանյանը կրկնեց, որ իրենք ծրագրել էին օդ կրակել: Կրակել են միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր շարժում էին արել՝ դա գնահատելով իբրեւ «հակազդեցություն եւ սպառնալիք»: Շարժվել էին, ըստ մեղադրյալի, Լեոնարդ Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը:

Ամբաստնայալն ասաց նաեւ, թե ահաբեկչության առաջին 8-10 րոպեներին իր ինքնատիրապետումը լիարժեք չի եղել, ըմբռնել է, որ կրակել է Կարեն Դեմիրճյանի ու Յուրի Բախշյանի ոտքերին, որովհետեւ ոտքի ցնցում է նկատել: Վազգեն Սարգսյանի վրա կրակել է ինչ-որ բնազդայաին մղումով եւ այլն:

Իսկ «Հոկտեմբերի 27»֊ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի ինն անդամ այսօր հետկեսօրին առաջին այցելությունը կատարեցին ներքին գործերի նախարարության Նուբարաշենի եւ ազգային անվտանգության մեկուսարանները:

Ինչպես ասաց հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանը, այսուհետեւ հանձնաժողովի անդամները՝ ցույց տալով վկայականները, ցանկացած պահի կարող են մտնել մեկուսարան: Միայն թե՝ առնվազն երկուսով: «Հոկտեմբերի 27»֊ի գործով կալանավորների հետ զրուցելու իրավունք հանձնաժողովականները չունեն. միայն դիտանցքներից հետեւել են: Ըստ Բերիկյանի, մյուս կալանավորների հետ, օրինակ նրանց, ովքեր այս գործով կալանավորված Նորայր Եղիազարյանի մահվանից առաջ կամ այդ պահին եղել են նույն խցում, կզրուցեն փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո:


Արմեն Զաքարյան, Ռուզան Խաչատրյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG