Մատչելիության հղումներ

Հայաստանում նվազագույն «պարենային զամբյուղը» կազմում է 14 հազար դրամ


Որո՞նք են Հայաստանում բարեկեցության, աղքատության եւ ծայրահեղ չքավորության սահմանները: Այս հարցին կարող է պատասխանել բնակչություն առանձին խավերի սպառողական զամբյուղների ուսումնասիրությունը, սակայն այդպիսին Հայաստանում չի կատարվել: Կատարվել են զուտ վիճակագրական հաշվարկներ:

Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, բնակչության կողմից փաստացի օգտագործվող նվազագույն զամբյուղը կազմում է 14 հազար դրամ՝ մեկ անձի համար: Ըստ կատարված հետազոտությունների, այդ զամբյուղը պարունակում է, հիմնականում, հաց ու հացամթերք, եւ ունի մոտ 2100 կկալ էներգետիկական արժեք: Գոյություն ունի, սակայն, նույն ծառայության կողմից հաշվարկված «նորմատիվային զամբյուղը»-ը, որը ներառում է մեկ անձի համար տեսականորեն անհրաժեշտ սնունդը. այն կազմում է 27 հազար դրամ եւ պարունակում է 2412 կկալ:

Ըստ վիճակագրության պետական խորհրդի անդամ Հրաչյա Պետրոսյանի, «մեր փաստացի զամբյուղի կալորիականությունն ընդունվում է միջազգային հանրության կողմից որպես այս երկրների համար ընդունելի»: Սակայն, նկատի առնելով աշխատավարձների, կենսաթոշակների եւ նպաստների չափը, ոչ միայն նորկատիվային, նվազագույն զամբյուղն անգամ հասանելի չէ սպառնողների ճնշող մեծամասնության համար:

Ընդունած է, որ սպառողական զամբյուղն է բնակչության աղքատության սահմանը: Մեր երկրում, փաստացի պարենային զամբյուղը, կրկնակի փոքր լինելով նորմատիվայինից, արդեն խոսում է չքավորության կամ ծայրահեղ չքավորության սահմանի մասին:

Հայաստանի կառավարությունում ներկայումս խոսում են աղքատության կրճատմանն ուղղված ջանքերի մասին: Սակայն անհասկանալի է, թե որ հատվածին են ուղղված լինելու այդ ջանքերը, եթե աղքատության նվազագույն շեմը դեռեւս չի հաստատվել կառավարության կողմից: Այդ շեմի հաստատումը կբխեցնի հետեւանքներ, որոնց մեր երկրի պետական բյուջեն, թերեւս, չի կարողանա դիմանալ:

Շաքե Ավոյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG