Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 32 միլիոն դոլարի վարկ է հատկացրել Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնմանը


Օրերս, Վաշինգտոնում Համաշխարհային բանկի ղեկավարության հետ համաձայնագիր են ստորագրել են Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Ջրային ռեսուրսների Պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Ըստ այդ համաձայնագրի, Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնման հերթական վարկը` 32 միլիոն դոլար արժողությամբ։

Վարկի մի մասը ծախսվելու է Վայոց 2որում եւ Արմավիրում ջրամատակարման ինքնահոս համակարգերի, ինչպես նաեւ Արաքս գետի վրա գլխավոր պատվարի կառուցման նպատակով: Վերջինիս կառուցումը թույլ կտա կրկնապատկել ոռոգման նպատակով գետից վերցվող ջրի ծավալները։

Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարին Հայաստանը թարմացրել է Թուրքիայի հետ 1983 թվականին ԽՍՀՄ ստորագրած համաձայնագիրը Արաքս գետի ջրերի հավասար օգտագործման վերաբերյալ: «Այս պահին Արաքսի գլխակառույցից Թուրքիան վայրկյանում ստանում է 53 խորանարդ մետր ջուր, իսկ մենք, ունենալով նույնքան քվոտա, ստանում ենք ընդամենը 27 խորանարդ մետր: Մեր գլխակառույցը ի վիճակի չէ ստանալու եւ տեղափոխելու այդքան ջուր», - ասաց Գագիկ Մարտիրոսյանը:

Հատկացված վարկից 2 միլիոն 100 հազար դոլարը կծախսվի Արաքսի գլխակառույցը կառուցելու վրա, եւ Հայաստանը հավելյալ կստանա 106 միլիոն խորանարդ մետր ջուր, որը Սեւանից վերցվող ջրի տարեկան ծավալի 60 տոկոսն է կազմում։ Ըստ Գագիկ Մարտիրոսյանի, եթե այս ծրագրի իրականացման հետ մեկտեղ հաջողվի ավելացնել ջրի քանակը Եղվարդի ջրամբարում, ապա Սեւանի խնդիրը անուղղակիորեն կլուծվի:

Այսօրվա ասուլիսի բանախոսները հավաստիացրին նաեւ, որ մինչեւ 2005 թվականը կլուծվի նաեւ խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը թե' մայրաքաղաքում եւ թե' մարզերում: Դրա համար էլ, իհարկե, վարկ է պետք, շուրջ 88 միլիոն դոլար։

Ընդհանուր առմամբ, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, Հայաստանում ջրի խնդիրը վերջնականապես լուծելու համար անհրաժեշտ է հինգ տարվա ընթացքում առնվազն 200 միլիոն դոլարի ներդրում կատարել:

Ատոմ Մարգարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG