Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանն ընտրվեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ


Այսօր իր առաջին նիստը գումարեց մայիսի 30-ին ստեղծված՝ կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը, որի նախագահ միաձայն ընտրվեց ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) խմբակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը:

Ըստ Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, նիստին մանակցել է ԱԺ-ի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, որ ներկայացրել է հանձնաժողովի խնդիրները՝ ուսումնասիրել ԱրմենՏելի գործունեության համապատասխանությունը պայմանագրային պարտավորություններին, ուսումնասիրել կատարված ներդրումների ծավալները, դրանց արդյունավետությունը:

Հանձնաժողովի 12 անդամներից 2-ն անկախ պատգամավորներ են, իսկ խորհրդարանական 10 խմբերն ու խմբակցությունները ներկայացված են մեկական պատգամավորով:

Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Օրինաց երկիր» խմբակցությունը, որը զուգահեռ քննարկման էր դրել նաեւ մեկ այլ օրինագիծը՝«Հեռահաղորդակցության մասին» օրենքում րոպեավճարի կիրառումն արգելող, ԱրմենՏելի մենաշնորհը վերացնող դրույթներ մտցնելու մասին: Այս վերջինս, խորհրդարանի մայիսի 30-ի արտահերթ նիստի քննարկումների արդյունքում, հանվել էր օրակարգից:

Ռուզան Խաչատրյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG