Մատչելիության հղումներ

Վրաց-թուրքական ռազմական կապերը չեն սպառնում Հայաստանին



Վրաստանի եւ Թուրքիայի նախագահներ Շեւարդնաձեն եւ Սեզերը՝ հունվար ամսին Անկարայում կայացած բանակություններից հետո:



Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական համագործակցությունը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի կամ որեւէ այլ երրորդ երկրի անվտանգության համար, այսօր ասել է Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին՝ հերթական անգամ փորձելով փարատել Երեւանի մտահոգությունը տարածաշրջանում Անկարայի ռազմական ներգրավմամբ:

«Թբիլիսին Հայաստանի դեմ ուղղված քայլերի չի դիմի», - ասել է Մենաղարիշվիլին վրացական Փրայմ Նյուս գործակալությունը:

Ավելի վաղ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մտահոգություն էր արտահայտել Հայաստանի երկու արեւմտյան հարեւանների միջեւ ռազմական կապերի ընդլայնման կապակցությամբ, ասելով, թե դա կարող է խախտել «ուժերի հավասարակշռությունը» Հարավային Կովկասում: Վրաց ղեկավարները, այդ թվում՝ նախագահ Շեւարդնաձեն, պնդում են, թե այդ մտահոգություններն արդարացված չեն:

Վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիան 15 միլիոն դոլարի օժանդակություն է տրամադրել Վրաստանի նոր կազմավորվող բանակին: Վերջին անվերադարձ օգնությունը՝ 2,5 միլիոն դոլար, տրվել է հունիսի 4-ին թուրքական բարձրաստիճան զինվորականների պատվիրակության այցի ընթացքում: Գումարի մեծ մասը՝ 2 միլիոն դոլարը, ուղղվելու է մոտոհրաձգային հետեւակային դիվիզիայի արդիականացմանը, հայ-վրացական սահմանի մերձակայքում ռազմական օդանավակայանի վերակառուցմանը եւ Թբիլիսիի զինվորական ակադեմիայի վերակահավորմանը:

Շուրջ 100 վրաց սպաներ ու զինվորական ակադեմիայի ունկդիրներ վերապատրաստվում են Թուրքիայում:

Հայտնի չէ, թե վրաց-թուրքական ռազմական համագործակցությունը եղե՞լ է արդյոք անցած շաբաթվա վերջին Երեւանում ավարտված Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան դիվանագետների հերթական «խորհրդակցությունների» օրականգում: Վրաստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը հայ-վրացական փոխհարաբերությունները բնութագրել է որպես «կայունության կարեւորագույն գործոնը տարածաշրջանում»:

Անվտանգության երաշխիքների առումով Հայաստանը հույսը դնում է Ռուսաստանի վրա: Հայ-ռուսական ռազմական դաշինքը՝ Երեւանի ազգային անվտանգության հայեցակարգի առանցքային տարրը, մաս է կազմում է նախկին խորհրդային 6 հանրապետությունների ավելի լայն համագործակցության: 1992 թվականին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամները անցած ամսվա վերջին Երեւանում գագաթնաժողով գումարեցին, ուր հայտարարեցին «միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության» դեմ համատեղ պայքարն ուժեղացնելու իրենց մտադրության մասին:

Վերջին տարիներին Ռուսաստանի հետ լարված հարաբերություններ ունեցած Վրաստանը, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի հետ միասին դուրս էր եկել ՀԱՊ-ից 1999 թվականին՝ հետխորհրդային այդ կառույցի անարդյունավետ գտնվելու պատճառաբանությամբ: Մենաղարիշվիլին այսօր ասել է, թե Վրաստանը մտադիր չէ կրկին միանալ ՀԱՊ-ին, քանի որ «իրավիճակն այդ կառույցում, կարծես թե, չի փոխվել»:

Փոխարենը Թբիլիսին խիստ շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ իր կապերն ընդլայնելու գործում եւ չի բացառում ապագայում այդ դաշինքի անդամակցությունը հայցելու հնարավորությունը: Անցյալ շաբաթ Վրաստանի տարածքում անցան ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Սեւծովյան Փոթի նավահանգստի մերձակայքում 11 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ավելի քան 4000 զինծառայողի եւ 40 ռազմանավի մասնակցությամբ զորավարժությունները գլխավորապես խաղաղապահ առաքելություն ունեին: Փորձարկվեցին նաեւ հետերկրաշարժային փրկարար աշխատանքները, ինչպես նաեւ պայմանական ապստամբների դեմ ռազմական գործողությունները:

Էմիլ Դանիելյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG