Մատչելիության հղումներ

Դատավոր Սամվել Ուզունյանը դեռեւս չի պատասխանել ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովին


Թեեւ «Հոկեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ներքին գործերի նախարարության մեկուսարան տեղափոխելու մասին պատգամավորների նամակին Կենտրոն - Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը պետք է արձագանքի մեկ ամսվա ընթացքում, բայց, ինչպես ասաց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ ագիկ Կոստանդյանը, «ելնելով հարցի կարեւորությունից, ես կարծում եմ, որ դատավորը պետք է ավելի արագ արձագանքի»: Հանձնաժողովի փոխնախագահը չբացառեց, սակայն, որ դատավորը կարող է առհասարակ չարձագանքել այդ նամակին:

«Հոկտեմբերի 27»-ի գործը վերահսկող ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա նիստին խորհրդակցական կարգով մասնակցում էին հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը եւ գլխավոր դատախազության կալանավայրերի վերահսկողությունն իրականացնող վարչության պետ, գեներալ Վարդանյանը:

Ինչպեսեւ անցած շաբաթ հանձնաժողովի նիստին մասնակցած ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարները, հանրապետության գլխավոր դատախազն էլ չխոսեց խորհրդակցության բովանդակության մասին: Սակայն, գլխավոր դատախազն ու վարչության պետը, հանձնաժողովի փոխնախագահ ագիկ Կոստանդյանի խոսքերով,
«պատրաստակամություն հայտնեցին այդ նյութերը տրամադրել ուսումնասիրության համար, աջակցություն տալու համար»: Խոսքը, ըստ ագիկ Կոստանդյանի, օրինակ, նախաքննության ընթացքում բռնության ենթարկված լինելու մասին մեղադրյալների բողոքների ու դրանց առնչությամբ դատախազության կատարած քննության, 2000թ օգոստոսին մեկուսարանում Նորայր Եղիազարյանի մահվան շուրջ նյութերի մասին է:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Արամ Թամազյանը տեղեկացրեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված՝ հնարավոր կազմակերպիչներին վերաբերող, մասով «նախաքննությունը շարունակվում է: Ես կուրսի մեջ եմ, որ որոշակի քննչական գործողություններ կատարվում են»: Իսկ անդրադառնալով ժամանակավոր հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալ լինելուն եւ քաղաքական շահարկումների հնարավորությունը, գլխավոր դատախազն ասաց բառացիորեն հետեւյալը. - «Հարցը կարող են շահարկել նաեւ ոչ պրոֆեսիոնալները, եւ շատ հաճախ պրոֆեսիոնելները չեն, որ շահարկում են»:

Պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա փակ նիստում ձեւավորեցին 5 աշխատանքային խմբեր, որոնց ուսումնասիրությունների ոլորտներն առայժմ գաղտնի են պահվում:

Ըստ կանոնակարգի, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ երեք փորձագետ ունենալու իրավունք ունի: Այսօր որոշվել է, որ փորձագետները պիտի հաստատվեն հանձնաժողովում՝ քվեարկությամբ, եւ չպետք է առնչություն ունենան կամ առնչություն ունեցած լինեն ստուգվելիք հաստատությունների հետ: Այս որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի տասներկու անդամներից յոթը: Քվեարկությանը ներկա են եղել, բայց չեն մասնակցել հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնած ՀԺԿ֊ն, «Հայաստան» խումբը, ինչպես նաեւ հայկոմկուսի ներկայացնող պատգամավորները:

Նման որոշում ընդունելու հարցը բարձրացվել է, երբ հանձնաժողովի անդամներից մեկը պնդել է, թե ուզում է որպես փորձագետ ներգրավել ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանին, որը մինչեւ 2000թ. ապրիլ ամիսը ղեկավարել է ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչությունը:

Իսկ Կենտրոն - Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում այսօր Նաիրի Հունանյանը շարունակում էր պատասխանել մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցերին: Դրանք, ինչպեսեւ նախորդ դատական նիստում, վերաբերում էին խորհրդային եւ հետխորհրդային հատուկ ծառայությունների հետ Նաիրի Հունանյանի առնչություններին, Հունանյանների ներընտանեկան հարաբերություններին:



Ռուզան Խաչատրյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG