Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հարցի լուծման մրցույթում հաղթեց ադրբեջանցին


Մի քանի շաբաթ առաջ «Գազետա Էս-Էն-Գե» ինտերնետային թերթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների բաց մրցույթ էր հայտարարել: Թերթի գլխավոր խմբագիր Արման Ջիլավյանի մտահղացմամբ, մրցույթի արդյունքները պետք է հրապարակվեին այն օրը, երբ Ժնեւում նախատեսված էր Քոչարյան - Ալիեւ հերթական հանդիպումը:

Բանակցությունների այդ փուլն, ինչպես հայտնի է, հետաձգվեց: «Գազետա Էս-Էն-Գե»-ն, այդուհանդերձ, չհրաժարվեց իր մտադրությունից եւ այսօր հրապարակեց մրցույթի հաղթողների անուններն ու նրանց ծրագրերը:

Ավելի քան 100 առաջարկներից լավագույնը ճանաչվածի հեղինակը բաքվեցի Ռզա Սաֆարովն է: Ըստ նրա ծրագրի, հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն իրենց տարածքների մասնակի փոփոխությունների, որոնց արդյունքում, սակայն, երկու երկրներն էլ կպահպանեն իրենց ներկայիս արտաքին սահմանները. մասնավորապես, Հայաստանը Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի:

Միաժամանակ, Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, իսկ Ադրբեջանը՝ Նախիջեւանի: Այդ նպատակով հեղինակն առաջարկում է ստեղծել տրանսպորտային թունելային միջանցքներ. Մեղրու տարածքում՝ Ադրբեջանի համար, Լաչինում՝ Հայաստանի: Ընդ որում, թունելի արտաքին մակերեսը համարվում է տվյալ երկրի տարածք, իսկ բուն թունելը հակառակ կողմի տարածքն է:

Հեղինակն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այն է՝ պատկանելության խնդիրը լուծել՝ կազմակերպելով միջազգային մրցույթ Հայաստանի եւ Ադրբեջանի: Առաջարկվող սկզբունքը հետեւյալն է. Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները սառեցնել 10-20 տարով: Այդ ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է փորձեն ստեղծել իրավական, ժողովրդավարական պետություններ: Նշված ժամկետի ավարտից հետո միջազգային մրցութային հանձնաժողովը կհամեմատի երկու երկրների ցուցանիշները, եւ հաղթողը որպես պարգեւ կստանա Լեռնային Ղարաբաղը: Իսկ քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը մրցում են, ԼՂ-ին պետք է տրվի փաստացի անկախություն:

Հեղինակը, կարծես, նախատեսել է խնդրի լուծման բոլոր կողմերը՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական: Առաջարկի ամենաէական դրույթն այն է, որ, եթե ամեն բան զարգանա առաջարկված սցենարով, Հայաստանն ու Ադրբեջանը տնտեսական եւ հումանիտար առումով այնքան ինտեգրված կլինեն, որ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը կկորցնի իր այժմեականությունը: Եվ, ի վերջո, փոխադարձ համաձայնությամբ հնարավոր կլինի գտնել որեւէ «մեղմ» տարբերակ, ասենք, համատիրության (կոնդոմինիումի) տեսքով:


Արմեն Դիլանյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG