Մատչելիության հղումներ

Բողոքում են համաներման ցուցակներից դուրս մնացած կալանավորները


«Հացադուլ, այն էլ համատարած չի սկսվել: Մեր տվյալներով, պարզապես Սեւանի ուղղիչ-աշխատանքային հաստատությունում մի խումբ դատապարտյալներ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով հայտարարված համաներման կապակցությամբ բողոք են հայտնել, որ իրենք չեն հայտնվել համաներման ցուցակների մեջ», - այսօր ասել է ներքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը, պատասխանելով շաբաթվա սկզբին 30 կալանավորների կողմից հայտարարված հացադուլին վերաբերող հարցին:

«Անհրաժեշտ բացատրական աշխատանքից հետո, հացադուլ հայտարարած կալանավորները դադարեցրել են բողոքի ակցիան, եւ հունիսի 15-ին իրադրությունն արդեն կարգավորվել էր», - ավելացրել է Արտակ Վարդազարյանը: Բողոքավորներն, ըստ նրա, «ենթադրում էին, թե կարող էին լինել հայտարարված համաներման համապատասխան հոդվածի տակ»:

«Մենք կարծում էինք, որ այս համաներումը էապես կտարբերվի մնացած համաներումներից: Փաստորեն վերցված է 1998 թվականի սխեման: Բայց, քանի որ խոսքը Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին էր, մենք ենթադրում էինք, որ համաներումը կտարածվի ավելի շատ հոդվածների վրա», - ասել է ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով ընթացիկ շաբաթվա սկզբին հայտարարված համաներումը տարածվելու հանրապետությունում եղած մոտ 6500 կալանավորներից 2100-ի վրա:


Արմեն Զաքարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG