Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նոր նախագիծը կքննարկվի Աժ-ի արտահերթ նստաշրջանում


«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը կոչված է լինելու, ի թիվս այլ նպատակների, պայքարել կոռուպցիայի դեմ եւ նպաստել կադրային ճիշտ քաղաքականությանը: Վիճահարույց է մնում, սակայն, առավել սկզբունքային՝ Քաղաքացիական ծառայության համապատասխան հանձնաժողովի կազմավորման հարցը. արդյո՞ք նախագահի լիազորությունների շրջանակներում է այդ հանձնաժողովի անդամներին նշանակելը: Սկզբունքային է նաեւ՝ հաշվետու լինելո՞ւ է, արդյոք, նշված հանձնաժողովը Ազգային ժողովին:

Հանրապետության նախագահի, կառավարության, բոլոր քաղաքական ուժերի կողմից կարեւոր համարվող այս օրինագծի առաջին տարբերակը խորհրդարանը մերժել էր անցյալ տարվա հոկտեմբերին: Այս տարվա մարտին կառավարությունը ներկայացրել էր օրենքի նոր նախագիծ: Վերջինս արդեն քննարկվել է ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որը հաշվի է առել ներկայացված բոլոր առաջարկությունները: Այժմ նախագծի փոփոխված տարբերակին ծանոթանում են կառավարությունում: Օրինագծի քննարկումն ընդգրված է ԱԺ-ի հունիսի 25-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Այս օրինագծի քննարկումն ու քվեարկությունը կարող է հերթական մի փորձաքար դառնալ «Միասնություն» դաշինքի համար, քանի որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), ինչպես հայտարարվել է կուսակցության անցած շաբաթ կայացած համագումարում, կողմ լինելով նման օրենքին, անհրաժեշտ է համարում որոշակի փոփոխություններն ու լրացումները, իսկ դաշինքի մյուս՝ հանրապետական (ՀՀԿ) թեւը կողմ է արդեն ներկայացված տարբերակն ընդունելուն:

Հանրապետության նախագահն օրերս նորից հնչեցրեց իր կարծիքը, ըստ որի, օրենքի ընդունմանը դեմ են նրանք, ովքեր կասկածներ ունեն, թե օրենքի կիրառմամբ իրենք կարող են զրկվել որոշակի լծակներից:


Մարգարիտ Եսայան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG