Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Իր հետադարձ հայացքը գարնանային նստաշրջանին «Ազգ» թերթի մեկնաբանը վերնագրել է՝ ««Հոգնած» խորհրդարանը գնաց «վաստակած» հանգստի»: Վերլուծականում արձանագրվում է. բազմաթիվ օրինագծերի քննարկում տարիներով հետաձգվում է: Թեեւ այս նստաշրջանում մի քանի կարեւոր օրենք ընդունվեց, այնուամենայնիվ, դրանք համակարգային բնույթ չեն ստանում: «Որպես կանոն քաղաքական ուժերին ինչ-որ բան մեծամասնությանը ստիպել հաջողվում է միայն արտահերթ նիստերի համար ստորագրություններ հավաքելով, որոնք էլ ցանկության դեպքում տապալվում են «Միասնության» կողմից»: Իսկ համակարգային փոփոխությունների սկիզբ կարող էր դրվել, մասնավորապես, «Կուսակցությունների մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների ընդունմամբ, նշվում է «Ազգ»-ում:

«Ռ. Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հերքել էր տեղեկությունները, թե Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ»: «Հայկական ժամանակ» թերթը, սակայն, ներկայացնելով այդ փաստաթուղթը, այսօր էլ շարունակում է պնդել, որ եզրակացությունը բացասական է: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ «Հանրապետության նախագահը կամ խորը թյուրիմացության մեջ է, կամ պարզապես իրեն հարմար է թյուրիմացության մեջ լինելը»:

«Առավոտ» թերթը խմբագրականում այսօր շեշտադրում է, թե ուժեղ պետական համակարգ ստեղծելու քողի տակ ամեն ինչի լծակները օրենքներով տրվում են երկրի նախագահին: Օրինակ են բերված նույն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը, «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքը:

«Հայոց Աշխարհ» թերթի պատկերմամբ՝ այսօր «քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծամասնության դեպքում շատ դժվար է հստակ ջրբաժան անցկացնել: Ավելին՝ լղոզված են ոչ միայն ծրագրերն ու կողմնորոշումները, այլեւ դիմություն-ընդդիմություն սահմանազատումները»: Իսկ նման իրավիճակում «դժվար է ակնկալել, որ շատ թե քիչ որոշակիություն կարող է դրսեւորել ցանկացած համակարգի կայունության ու բնականոն զարգացման համար կարեւոր նշանակություն եւ գործառույթ ունեցող «կենտրոնը»: Այդօրինակ գործառույթ իրականացնող «կենտրոն» մեզանում պարզապես չկա», - գրանցում է մեկնաբանը եւ եզրափակում. - «Անորոշության ջատագով քաղաքական ուժերը հույս ունեն, որ քաղաքական դաշտի ներկա ամորֆ վիճակի պահպանման դեպքում իրենք հնարավորություն կունենան 2003 թ. ընտրություններից հետո էլ մնալ քաղաքականության մեջ»:

«Ժամանակ» թերթի մատուցմամբ, կառավարության դիրքորոշումներից առանձնացող քաղաքական ուժերն ու գործիչները իրական, ելակետային սկզբունքներ չունեն եւ նրանց ընթացիկ գործունեությունը, որպես կանոն, լինելով սխալի հետեւանք, իր հերթին, շարունակաբար նոր սխալներ ծնում:

Վարչապետի գլխավոր խորհրդական, պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Պետական պաշտոնյաներին ձեռք չի տալիս արմատական փոփոխությունների ճանապարհը, քանզի ոչ մեկը չի ցանկանում կորցնել դիրքը, պաշտոնը»: Վերջերս նա վարչապետին է ներկայացրել վերլուծության արդյունք մի շարք նկատառումներ, որոնք բացում է նաեւ թերթում. - «Թեպետ գործող հարկային օրենսդրությունը որոշ դեպքերում թույլատրում է կանխավճարների կիրառումը, բայց դա աններելի սխալ է, որը նաեւ ծանր հետեւանքներ է ունենում իրական տնտեսության համար... Որովհետեւ կանխավճարներ տվող հարկատուներն արդեն իրե'նց քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ շահերն են թելադրում, իսկ պետեկամուտների նախարարության ղեկավարությունն էլ չի կարող ստվերի դեմ արդյունավետ պայքար տանել... Հայտվում են հարկատուներ, որոնք արդեն արտոնյալ պայմաններում են գտնվում... Ոչ թե պետությունն է լծակներ ունենում, այլ արդեն այդ հարկատուներն են ճնշման տակ պահում պետությունը: Բավական է մի 5-6 խոշոր հարկատուներ միավորվեն, հարկերը չվճարեն եւ կարող են տապալել ոչ միայն պետեկամուտների նախարարության ցանկացած ղեկավարների, այլեւ ուզածդ կառավարություն՝ այստեղից բխող քաղաքական ու տնտեսական ճգնաժամային հետեւանքներով»: Անդրադառնալով պետեկամուտների նախարարության համակարգում հովանավորչության դրսեւորումներին, վարչապետի գլխավոր խորհրդականը փաստում է՝ հարկային համակարգում «առանց ծանոթության կամ միջնորդության աշխատանքի ընդունված մարդ գրեթե չկա»: Իսկ «նման պետական պաշտոնյան անհրաժեշտության դեպքում պաշտպանում է ոչ թե երկրի, ժողովրդի, այլ իր եւ հովանավորի անձնական, նյութական շահերը»: Այժմ շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարելու, համապատասխան օրենք ընդունելու, հատուկ մարմին ձեւավորելու մասին: «Ո'չ այդ օրենքը, ո'չ էլ հատուկ մարմինը չեն գործելու», - արձագանքում է Գագիկ Պողոսյանը: - «Ովքե՞ր եւ որտեղի՞ց են սկսելու պայքարը կոռուպցիայի դեմ, երբ բոլոր օղակներում այն կա: Գումարած՝ հովանավորվող պաշտոնյաների հսկայական բանակը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG