Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կներդրվի րոպեավճարը


Հայաստանի հեռախոսակապի մենատեր՝ Արմենթելի գործադիր տնօրեն Նիկոս եորգիուլասը այսօր հայտարարել է, որ րոպեավճարը ներդրվելու է այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: «Հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի ոչ թե փոքր մասնակցություն ցուցաբերել ներդրումներում, ասենք 4 դրամ` մեկ րոպեի դիմաց, այլ ավելի շատ` ասենք 60 դրամ։ Սակայն մենք սկսում ենք, ոչ թե ութ դրամից, ինչպես նախատեսում է արտոնագիրը, այլ չորս դրամից»,- ասել է Արմենթելի գործադիր տնօրենը։

Ըստ Նիկոս եորգյուլասի, թեեւ մինչ այժմ, պայմանագրով նախատեսված 100 միլիոնի փոխարեն, Արմենթելը ներդրել է 127 միլիոն դոլար, ընկերության շահույթները, անցյալ տարվա համեմատ, մոտ կիսով չափ նվազել են ։ Պատճառը, ըստ Արմենթելի գործադիր տնօրենի, մարդկանց արտագաղթն է. Արմենթելի հաշվարկներով Հայաստանում այսօր ապրում է ընդամենը 2,4 միլիոն մարդ։

Նիկոս եորգիուլասի կտրականապես համաձայն չէ այն կարծիքին, թե Արմենթելը չարաշահում է իրեն տրված բացառիկ մենաշնորհը. - «Մենք պրոբլեմ չունենք, եթե մեզանից վերցվի այդ մենաշնորհը, եթե իհարկե փոխհատուցվի, քանի որ մենք վճարել ենք դրա համար»: Իսկ վճարածը կազմում է 300 միլիոն դոլար։ Իսկ թե ինչու է ՕԹԵ-ն վճարել ավելին, քան արժեր Հայաստանի հեռախոսակապի համակարգը, ապա դա, Նիկոս եորգիուլասի տրամաբանությամբ, արվել է քաղաքական նկատառումներով, քանի որ Հայաստանը բարեկամ երկիր է։

Րոպեավճարի կիրառմանը Հայաստանում դեմ են ինչպես կառավարությունն, այնպես էլ հանրային կարծիքը: Հայաստանի կառավարությունում համարում են, որ Արմենթելը չի կատարել պարտավորությունները եւ ներդրումները ուռճացրել է դրանց հետ բոլորովին կապ չունեցող ծախսերով (աշխատավարձի, ծառայողական մեքենաների գնման կամ գործուղումների վրա կատարված ծախսերով)։ Արմենթելն իրեն տրված արտոնագրով պարտավորվել էր թվայնացնել հանրապետության սահմանամերձ շրջանների 800 գյուղերի հեռախոսակապը, առ այսօր, սակայն, թվայնացված է ընդամենը 119 գյուղերի հեռախոսակապը, իսկ 250 գյուղեր ընդհանրապես զուրկ են հեռախոսակապից:

Կառավարության ստեղծած՝ հունական ՕԹԵ-ի ներդրումային պարտավորությունների կատարումն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովը իր եզրակացությունները ներկայացնելու է միայն աշնանը: Կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրելու լիազորություն է ստացել նաեւ մայիսի վերջին ԱԺ-ի ձեւավորած ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովը:

Ատոմ Մարգարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG