Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այն, ինչ տեղի էր ունենում Ազգային ժողովի վերջին նիստերի ընթացքում, ավելի շատ նախընտրական քարոզարշավ էր, քան օրինաստեղծ գործունեություն: Քաղաքական գործիչները իրար ոտք են գցում, հրմշտում, վատաբանում միմյանց, գովերգում սեփական արժանիքները, մի խոսքով, կաշվից դուրս գալիս ժողովրդին, այսինքն՝ հավանական ընտրողներին դուր գալու համար», - իմաստավորում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, հատկանշական համարելով, որ «այս ամենը տեղի է ունենում Ազգային ժողովի հատկապես նախաարձակուրդային եռօրյաների ընթացքում... Խորհրդարանը մի քանի ամիս չի աշխատելու, ենթադրվում է, որ այս ընթացքում ժողովրդի ծառաները հանդիպումներ կունենան տիրոջ (ժողովրդի) հետ: Հետեւաբար հանդիպումներին պետք է գնալ կամ համապատասխան «զամբյուղով» կամ խանգարել, որ մեկ ուրիշը ժողովրդի աչքին լավ երեւա»: Այսպես պատճառահետեւանքելով, մեկնաբանը, միաժամանակ զգուշացնում է. - «Հավանական ընտրազանգվածին դուր գալու այսպիսի մրցակցությունն ու դրա միջոցով ձեռք բերված «էֆեկտներն» ունեն նաեւ իրենց, այսպես կոչված, կողմնակի հետեւանքները: Իսկ դրանք իրենց ազդեցությամբ կարող են լիովին հողին հավասարեցնել ակնկալվող առավելությունները: Չէ՞ որ վերջին հաշվով, ժողովրդին այնքան էլ չի հետաքրքրում, թե ով կբարձրացնի իր կենսամակարդակը, ո՞վ աշխատատեղեր կբացի: Նրան հուզում է աշխատատեղի բացումն ու իր ապրուստի վիճակը...Եվ քանի դեռ քաղաքական ուժերը կմրցակցեն ժողովրդին երջանկացնելու դափնիները կրելու համար, ժողովուրդը կհիասթափվի նրանցից»:

«Իշխանությունը, «Միանություն» դաշինքը քաղաքական հարցերում սահմանել են մենաշնորհ, եւ ամեն մի բանական առաջարկ, որ ի հայտ է գալիս ոչ իրենց կողմից, դատապարտված է ձախողման». - պատկերավորում է «Երկիր» թերթի մեկնաբանը՝ շեշտադրելով, որ կենսաթոշակների ավելացմանը խորհրդարանական մեծամասնության այս ընդդիմանալը ավելի քաղաքական, քան ֆինանսական դրդապատճառ ուներ: «Հայաստանում գումարներ շատ կան, պարզապես պետք է պետական իշխանության ամրապնդում ու հետեւողականություն դրանք ձեռք բերելու համար: Առաջինը ստվերային տնտեսության հետագա ծավալային հարկումն է... Կա երկու հանրահայտ բնագավառ՝ էներգետիկան եւ ընդերքի օգտագործման ոլորտը, ուր տասնյակ միլիոնավոր դոլարներ են շրջանցում պետական գանձարանը», - ուղղություններ են մատնանշվում «Երկիր»-ում: Մեկնաբանը իրավիճակին ուշադրություն է սեւեռում նաեւ հետեւյալ տեսանկյունից. - «Պետության կողմից անտարբերության մատնված հատկապես չքավոր խավերը դյուրությամբ տրված են օտար ազդեցությունների: Եվ մի օր էլ կստացվի, որ արմատապես փոխվել է մեր մարդկանց հոգեբանությունը, քաղաքական կողմնորոշումը»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը միանշանակ վստահ է, որ «Քի Ուեսթից հետո անխուսափելի թվացող Ժնեւի ճանապարհը փակեցին երկու գերտերությունների ղեկավարները», եւ ղարաբաղյան կարգավորումը գործնական լուծում կստանա միայն այն բանից հետո, երբ Սլովենիայի մայրաքաղաքում կայանալիք Պուտին - Բուշ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության գան սկզբունքային հարաբերությունները ճշգրտող շատ ավելի խոշոր փաթեթի շրջանակում: Ըստ մեկնաբանի, «ղարաբաղյան հիմնահարցի միջազգայնացման նոր շրջափուլը մի կողմից ապահովում է խնդրի սառեցումը, մյուս կողմից՝ տարածաշրջանային խաղաղությունը, ինչի հետեւանքով ակնհայտ է դառնում մեր ազգային ռազմավարության համար կարեւորագույն նշանակություն եւ արժեք ունեցող հետեւյալ իրողությունը: Աշխարհի ներկա թվացյալ միաբեւեռությունը լուրջ հարցականի տակ է, ուրեմն մենք կարող ենք եւ պարտավոր ենք սառեցնել մեզ համար բարենպաստ ռազմաքաղաքական իրողությունները՝ պահպանելով որոշակի բալանս առկա բեւեռների միջեւ, բայց դրանցում մեր ներկայության «ծանրության կենտրոնը» միշտ պահելով Ադրբեջանին հակադիր ռազմաքաղաքական բեւեռում: Այդ պարագայում որ կողմն էլ թեքվի Ադրբեջանը՝ նա երբեք չի կարողանա ուրիշի ձեռքերով հետ վերադարձնել Ղարաբաղը»:

«Ժամանակ» թերթն այսօր կենտրոնացել է Երեւանում Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սելեզնյովի հնչեցրած ակնարկի վրա, թե հնարավոր է Հայաստանի հետ Ռուսաստան- Բելառուս դաշինքին Ղարաբաղի անդամագրման տարբերակ: Այս առթիվ, մեկնաբանը գրում է. - «Պետք է լինել շատ զգոն արտաքին սադրանքների հանդեպ... Մեր երկրում կան ակտիվ քաղաքական ուժեր, որոնք մշտապես սպասարկում են ռուսական տեսակետները Հայաստանում: Իսկ քանի որ պաշտոնական Ռուսաստանի տեսակետները հայտնի են ու իրենց էությամբ՝ շատ զուսպ, ապա դրանք վերածվում են ռուսական սադրանքները սպասարկող ուժերի»:

«Նա, ով նախաձեռնել է հայկական երկրորդ հանրապետության ստեղծումն ու ԼՂՀ անկախության հռչակումը, անշուշտ, ոչ միայն հեռատես ու տաղանդավոր հոգեբան էր, այլեւ ընդհանրապես հայկական ազգային խառնվածքի ու մտածելակերպի հանճարեղ գիտակ», - խայթում է «Իրավունք» թերթը: - «Ազատագրական շարժման 14-րդ տարում Լեռնային Ղարաբաղը այսպես էլ չկողմնորոշվեց, թե ինչի է ձգտում. անկախությա՞ն, թե՞ ՀՀ-ի հետ վերամիավորման: Հայաստանն իր հերթին ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել. ի՞նքն է ղեկավարում Ղարաբաղը, թե՞ հակառակը: Դիվանագիտական մանեւրումների նպատակով ստեղծված ներհայկական տարանջատումը, ըստ երեւույթին, լուրջ է ընկալվել ԼՂՀ որոշ գործիչների կողմից, այն աստիճան, որ նրանք ժամանակ առ ժամանակ փորձում են աշխարհասփյուռ ողջ հայությանը վարժեցնել կասկածելի հայացքների: Անցյալ երկու շաբաթները նշանավորվեցին ԼՂՀ եւ ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչների միջեւ օրեցօր հստակեցվող լարվածության խորացմամբ», - անդրադարձը արդիականացրել է մեկնաբանը: - «Տագնապով հետեւելով սեփական վարկանիշի աննախադեպ անկմանը ներսում՝ ԼՂՀ նախագահը փորձում է հակակշռել այդ գործընթացը ուռա-հայրենասիրական ջղաձիգ գործողություններով արտաքին քաղաքական բնագավառում՝ ակնհայտորեն հակադրվելով ՀՀ ղեկավարությանը»: Ընդ որում, «Իրավունք»-ի մատուցմամբ, «իր գործողություններում Ղուկասյանը փորձում է ապահովել դրսի ուժերի աջակցությունը»: Այս առումով էլ հենց «Իրավունք»-ում շոշափվում է ենադի Սելեզնյովի անունը:

Բազմակարծության մի ծավալում է թերթից թերթ ի հայտ բերել «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալներ Հունանյաններին ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից ներքին գործերի նախարարության մեկուսարան տեղափոխելու միջնորդությունը: Մեղադրող ագիկ Ավետիսյանը դա որակում է նույնիսկ հակասահմանադրական որոշում: Ուղեկցող գնդի հրամանատար Միքայել Աբրահամյանն էլ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Ճիշտ չէ մի մարմնին վստահել, մյուսին՝ ոչ... Ինչո՞վ եք համոզված, որ Նուբարաշեն տեղափոխելուց հետո կասկածները կքչանան»: Ըստ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի, «հասարակ տրամաբանությունն այն է, որ ԱԱ մեկուսարանում 10-20 մարդ է աշխատում, իսկ Նուբարաշենում՝ մոտ 400 հոգի: Դժվար կլինի արտաիրավական օգնությունը թաքցնել 400 հոգուց»: Մյուս կողմից՝ փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ ներկայացնում է այն տեսակետը, թե, ցանկության դեպքում, Հունանյանին ցանկացած տեղում էլ կարող են օգնություն ցույց տալ. այս ամենն արվում է պարզապես կրքեր բորբոքելու նպատակով:

«Առավոտ» թերթի վերլուծությամբ էլ, մեկուսարանից մեկուսարան տեղափոխելը խնդիր չի լուծում: Եթե Հունանյանին ուղղորդող եւ աջակցող ուժեր կան, որոնց ուժը «պատում է ազգային անվտանգության նախարարության վրա, ապա ինչո՞ւ չպիտի պատի ոստիկանության վրա»: Ամենամեծ, արմատական խնդիրը, «Առավոտ»-ի հայացքով, «ահաբեկչության նկատմամբ հասարակական իմունիտետի բացակայությունն է, ինչը ավելի շատ է օգնում ահաբեկչին, քան ցանկացած «խորհրդատու»՝ որ մեկուսարանում էլ նա գտնվի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG