Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը դրական է գնահատում երկրի տնտեսության վիճակը:




Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողներին ասել է, որ չնայած մայիսի տնտեսական ցուցանիշները բավականին ցածր են լինելու, ինչի պատճառը գազի մատակարարման վատացումն է եւ ադամանդի գների որոշ անկումը, ինքը դրական է գնահատում երկրի տնտեսության վիճակը: Ըստ Քոչարյանի, ռուսական գազի ծավալների կրճատումը քաղաքական դրդապատճառներ չունի: Բիզնեսը մնում է բիզնես, եւ գազի դիմաց պետք է վճարել, ասաց նա: «Էներգետիկ համակարգի սեփականաշնորհումը նաեւ սրա համար է պետք, որ պետությունը չխրվի նման հարաբերությունների մեջ», - ավելացրեց նախագահ Քոչարյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցությունների այս փուլի դադարին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել դրանք: Մինսկի խմբի համանախագահների կարծիքով, Ալիեւն ու Քոչարյանը պիտի նախապատրաստեն իրենց ժողովուրդներին ընդունվելիք որոշմանը. «Իհարկե, - ասաց Քոչարյանը, - եթե որոշումը կայանա, քաղաքական ղեկավարությունը պետք է քաղաքական կամք ունենա հանդես գալ ժողովրդի առջեւ, բացատրել լուծման տարբերակը»:

Պատասխանելով խորհրդարանական մի շարք ուժերի կողմից նախաձեռնվող սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ «մեր տարածաշրջանում, նաեւ անցումային շրջանում գտնվող երկրի համար, անձնավորված պատասխանատվությունը շատ կարեւոր հանգամանք է»:

Ընդունելով, որ խորհրդարանական կառավարումը ունի որոշակի առավելություններ ժողովրդավարության ամրապնդման, փոխհամաձայնությունների գալու առումով, նախագահ Քոչարյանը համարում է, որ ներկայումս գործող կիսանախագահական համակարգը հավասարակշռում է կառավարման խորհրդարանական եւ նախագահական ձեւերը: Հայաստանի նախագահը չի բացառում, որ որոշակի փուլեր անցնելուց հետո, հնարավոր է նաեւ, որ, ինչպես եվրոպական պետություններից մի քանիսում, ընդլայնվեն խորհրդարանական կառավարման տարրերը:


Մարգարիտ Եսայան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG