Մատչելիության հղումներ

Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ ցուցահանդես կներկայացնեն Ճապոնիայում




Արտասահմանյան ներդրումներով զբաղվող ճապոնական ՋԵԹՌՕ առեւտրական կազմակերպությունը հունիսի 25-29-ը Տոկիոյի Ակասակա ցուցասրահում կազմակերպում է Հարավային Կովկասին նվիրված ցուցահանդես: ՋԵԹՌՕ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների հետ միասին: Ցուցահանդեսի շրջանակներում՝ հունիսի 26-ին ՋԵԹՌՕ-ն կազմակերպում է նաեւ Հարավային Կովկասում ներդրումային մթնոլորտին նվիրված սեմինար:

Հարավկովկասյան երեք երկրներն առաջին անգամ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքը Ճապոնիայում: Ըստ ՋԵԹՌՕ-ի նույն հաղորդագրության, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի 135 ընկերություններ Տոկիոյում կցուցադրեն իրենց արտադրանքը, ներառյալ՝ «աշխարհահռչակ հայկական կոնյակը, բարձրորակ ադրբեջանական ձկնկիթը եւ վրացական գինին»:

ՋեԹՌՕ-ի նպատակ ունի աջակցել հարավկովկասյան երկրների այն ջանքերին, որոնք ուղղված են մասնավոր ձեռներեցության խթանմանն ու արտահանվող ապրանքատեսակների մրցունակության բարձրացմանը: ՋԵԹՌՕ-ն նաեւ հուսով է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առաջին համատեղ ցուցահանդեսը կապրապնդի խաղաղությունը տարածաշրջանում:

Ցուցահանդեսի շրջանակներում Հարավային Կովկասի երեք երկրները առաջին անգամ երկկողմանի կոնֆերանսներ կանցկացնեն Ճապոնիայի հետ: Առաջին հայ-ճապոնական համատեղ տնտեսական կոնֆերանսը կկայանա հունիսի 28-ին: Առաջին վրաց-ճապոնականը՝ հունիսի 27-ին: Ադրբեջանի հետ կոնֆերանսի անցկացման ժամկետը հայտնի կդառնա ավելի ուշ:

Ըստ ՋԵԹՌՕ-ի, ցուցահանդեսի ընթացքում այցելուներին բաժանվելու են տարատեսակ տեղեկատվական նյութեր: Ցուցավահանակներն ու տեսնանյութերը ներկայացնելու են երեք երկրներն ու դրանցում տիրող ներդրումային մթնոլորտը:

ՋԵԹՌՕ-ն արտասահմանյան ներդրումներով զբաղվող կիսակառավարական կազմակերպություն է, որը տեղեկատվություն է տրամադրում արտասահմանում ներդրումներ կատարել ցանկացող կամ դրանով հետաքրքրվող ճապոնական ընկերություններին:


Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG