Մատչելիության հղումներ

Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը բարձր է գնահատվում միջազգային հանրության կողմից




«Հաշվի առնելով անգամ համաշխարհային մակարդակով տեղի ունեցող փոփոխությունները, մենք դեռեւս արտաքին քաղաքականության մեջ կոմպլեմենտարիզմի սկզբունքը վերանայելու պատճառ չենք տեսնում», - այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նման քաղաքականությունը ոչ միայն իր դրական պտուղներն է տալիս, այլեւ բարձր է գնահատվում միջազգային հանրության կողմից:

Վարդան Օսկանյանը չի համարում, թե Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները փակուղի են մտել. «Դեռեւս գործընթացը կենդանի է: Մենք հույս ունենք, որ համանախագահողները իրենց ջանքերը կներդնեն, որպեսզի գործընթացը վերադարձնեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակի մեջ: Ուզում եմ նաեւ ասել, որ Հայաստանը պատրաստ է փարիզյան սկզբունքների հիման վրա շարունակել բանակցությունները»:

Ու թեեւ «փարիզյան սկզբունքների» փակագծերը չեն բացվում, նախարարն այսօր նշեց, որ դրանք համահունչ են հայկական կողմի մոտեցումներին. «Եթե համահունչ չլինեին, ես այստեղ պաշտոնապես չէի հայտարարի, որ Հայաստանը պարտաստ է բանակցությունները շարունակել եւ հասնել հարցի կարգավորմանը փարիզյան սկզբունքների հիման վրա»:

Հայկական կողմի 3 հիմնական տեսակետները ենթադրում են Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ իրավահավասարություն, Ղարաբաղի անվտանգության եւ Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովում:

Անդրադառնալով հունիսի 16-ին կայանալիք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ հայկական կողմը պարզապես դրական է գնահատում այն, որ Բուշ - Պուտին հանդիպման օրակարգում տեղ է գտել նաեւ Ղարաբաղի կարգավորման հարցը. «Ես դժվարում եմ նման հույս հայտնել, որ այնտեղ նրանք որեւէ պայմանավորվածություն ձեռք կբերեն»: Վարդան Օսկանյանը մեկ անգամ եւս ընդծեց, որ համանախագահող բոլոր երկրների, նաեւ նախագահների այսօրվա դիրքորոշումն այն է, որ վերջ ի վերջո հակամարտ կողմերն իրենք պետք է գտնեն լուծումը:

Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ այս ամսվա ընթացքում, կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, համանախագահները հերթական անգամ կհանդիպեն, հավանաբար, Մոսկվայում: Հանդիպման օրակարգի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Նախարարը միայն հաստատեց, որ ԵԱՀԿ Միսկի խմբի հետ շփումներ ունենալու համար Իրանի կողմից պաշտոնապես նշանակվել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին: Իսկ թե երբ նա կհրավիրվի միջնորդների հանդիպմանը, դա արդեն կորոշեն համանախագահները:

Խոսելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի վարչապետի հնչեցրած նախապայմանների մասին (Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող միջանցք տրամադրելը), արտգործնախարարն ասաց. «Թուրքիայի կողմից դրված որեւէ նախապայման, որը կապված է մի երրորդ երկրի հետ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման առումով, մեզ համար կտրականապես անընդունելի է»:


Հրաչ Մելքումյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG