Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը ընդունելի է ԱՄՆ-ի համար


Անդրադառնալով Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը եւ նկատի ունենալով հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանն այսօր Երանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ կապակցությամբ որեւէ ուղղակի պահանջ երբեք չի դրվել, որովհետեւ «մենք կարողացել ենք իրենց համոզել, չնայած մեզ փորձել են պարտադրել որոշ հակապարսկական դիրքորոշում»: Դեսպանը նշեց, որ այդ հարցերը հստակեցվել են դեռեւս 5-6 տարի առաջ ու ավելացրեց. - «Միանշանակ մեր պատասխանը հետեւյալն է եղել, որ Իրանը բարեկամ պետություն է, որ Իրանի հետ մենք ունենք ավանդական պատմական հարաբերություններ, որ ունենք Իրանի հետ սահման, որ Իրանում կա հսկայական հայկական սփյուռք»: Այս առումով ԱՄՆ-ի հիմնական անհանգստությունը սահմանն է՝ որ, Արման Կիրակոսյանի խոսքերով, երրորդ կողմից Իրան չուղարկվեն զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված մասեր կամ բաղադրիչներ, իսկ դրա վերաբերյալ Հայաստանը հատուկ պայմանագիր ունի ԱՄՆ-ի հետ:

Հանդիպումն սկսվել էր դեսպանի հակիրճ դասախոսությամբ, որի հիմնական առանցքներն էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգների միջնորդական դերն ու ԱՄՆ - Հայաստան տնտեսական երկխոսությունը:

Հարաբերությունները երկու երկրների միջեւ համակարգվում է երկկողմ միջկառավարական հանձնաժողովը: Վերջինիս գործունեության շրջանակներում անցած տարի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 120 միլիոն դոլարի օգնություն: Այսուհանդերձ, դեսպանի կարծիքով, երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը սաղմնային վիճակում է: Արման Կիրակոսյանը նշեց, որ ամերիկյան գործարարները խուսափում են հակամարտության մեջ ներքաշված երկրում ներդրումներ կատարել: Չնայած ապրանքաշրջանառության չնչին ծավալներին, ամերիկյան շուկայում, հատկապես Կալիֆորնիայում, կարելի է տեսնել հայկական ապրանքներ, հիմնականում՝ գինի, տեսքտիլ, գարեջուր:

Ըստ Արման Կիրակոսյանի, ցեղասպանության ճանաչման անցած տարվա հաջողությունները մեծապես պայմանավորված էին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններով: Պատասխանելով թուրքական աղբյուրներ վկայակոչած մի ուսանողի հարցին, թե արդյո՞ք Ամերիկայի հայկական կազմակերպությունները կոչ են անում մեծահարուստ հայերին հողեր գնել պատմական Արեւմտյան Հայաստանում, դեսպանը բառացիորեն ասաց հետեւյալը. «Նման բաներ հնարավոր են: Հնարավոր է նաեւ, որ հայերը ցանկություն հայտնեն բնակվելու այդտեղ»: Նախկին մի տիգրանակերտցի, օրինակ, նորոգում է Դիարբեքիրի հայկական եկեղեցին:


Անուշ Դաշտենց՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG