Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեկ խորհրդարանում կերպավորված համաներումը շատերին չի գոհացրել: «Այն հիմնականում չարդարացրեց սպասելիքները, եւ նրա ընդգրկումը ամենեւին համարժեք չէ համաներման առիթին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Նրանք, ովքեր իրական ներման ու մարդասիրության կարիք ունեին, այդպես էլ չեն արժանանա դրան»: «Հայոց Աշխարհ» թերթում էլ խտացված է պատգամավորների դժգոհությունը. ընդունելով հանդերձ նախագիծը, նրանք համաներման այս տարբերակից շատ առումներով բավարարած չեն:

«Հայոց Աշխարհ»-ը կրկին շատ հրատապ է տեսնում Ազգային ժողովի վերակազմավորումը, որպեսզի «խորհրդարանը վերջապես կարողանա իրականացնել իր հիմնական գործառույթները եւ գոնե ինչ-որ չափով, գոնե մնացած մեկուկես տարվա ընթացքում փորձի լուծել պետության ու ժողովրդի համար կենսական հարցերը»: Նոր մեծամասնության ձեւավորումը մեկնաբանը համարում է միանգամայն իրական՝ ուրվագծելով. - «Դրա առաջին քայլը պետք է լինի «Միասնություն» դաշինքի «դե ֆակտո» լուծարմանը «դե յուրե» ձեւակերպում հաղորդելը... Եթե այսօր միավորվեն այն նույն ուժերը, որոնք նման փորձ կատարեցին ամիսներ առաջ՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԱԺՄ, «Օրինաց երկիր», «Կայունություն», եւ նրանց միանա նաեւ «Ժողպատգամավորների» խումբը, ապա ձեւավորվելիք նոր մեծամասնությունը կունենա առնվազն 66 ձայն, այսինքն՝ ԱԺ ձայների 50 %+1-ը: Եվ եթե դրան ավելացնենք նաեւ անկախ պատգամավորների մեծամասնության հավանական ձայները, ապա Ազգային ժողովի բնականոն հուն վերադառնալու խնդիրը ինքնին լուծվում է», - բխեցնում է մեկնաբանը՝ ավելացնելով. - « Անշուշտ, ԱԺ նոր մեծամասնության ձեւավորմանը պետք է հաջորդեն նաեւ գործադիր իշխանության կադրային փոփոխություններ: Առնվազն իրենց պաշտոնները պետք է թողնեն ՀԺԿ-ի կողմից ներկայացված նախարարները՝ առողջապահության, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության»:

Կադրային առումով, վարչապետ Մարգարյանը «Ժամանակ» թերթի հարցազրույցում ասում է. - «Եթե կառավարությունում փոփոխություններ լինեն ու ՀԺԿ-ում՝ համապատասխան պրոֆեսիոնալներ եւ ոչ սոսկ կուսակցական պատկանելության մարդիկ, բնականաբար, դա հաշվի կառնվի, ինչպես մյուս կուսակցությունների դեպքում»: Անդրանիկ Մարգարյանը դեռեւս այն ընկալումն ունի, որ հիմնական հարցերում ժողկուսակցությունը կառավարությանն աջակցում է: «ՀԺԿ քաղխորհրդում երկու-երեք ցայտուն ընդդիմադիր անձանց ներգրավելը դեռ չի նշանակում, որ ՀԺԿ-ն հենց վաղը պատրաստվում է դառնալ ընդդիմություն», - ասում է նա իրենց համագումարների հետքերով: - «Կարծում եմ, ՀԺԿ-ն պարզապես իր հետագա երկու տարիների գործունեության համար ստեղծում է տարբեր, այսպես ասած, հարթություններ ներկայացնող մարդկանց խմբեր, որ հարկ եղած դեպքում որոշակի առաջնություն տա այդ ուղղությանը: Տվյալ պահին, ինչպես նաեւ մոտակա շրջանում, չեմ կարծում, թե ՀԺԿ-ն կփորձի ցայտուն ընդդիմադիր կեցվածք դրսեւորել, որովհետեւ այդպիսի նախադրյալներ չկան»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը այսօր արժեվորում է՝ «ՀՀԿ համագումարում հնչած ելույթներից երեւաց, որ կուսակցությունը առողջ քննադատության նկատմամբ ոչ միայն հանդուրժող է, այլեւ պատրաստ է վերհանել սխալները, թերությունները՝ դրանք շտկելու ուղիներ որոնելու մղումով: Մասնավորապես, ՀՀԿ-ն ընդունեց հնչած քննադատությունները՝ կոռուպցիայի դեմ մղված պայքարում կառավարության դեռեւս ոչ այնքան բավարար ու արդյունավետ գործունեության վերաբերյալ: Մյուս կողմից, վարչապետը, հիշյալ հարցազրույցում ընդունելով, որ երկրում կոռուպցիա կա ու դրա դեմ պետք է պայքարել, առանձնացնում է՝ «բայց որ հենց այս կառավարությունը եւ հենց այս նախարարներն են կոռումպացված, ես համաձայն չեմ»:

Այսօր Շահումյանի անկման օրն է, եւ «Երկիր» թերթում շեշտվում է՝ «Շահումյանի շրջանի տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի տարածքն է, որտեղ նույնպես հռչակված է հանրապետությունը: Սակայն այն այսօր բռնազավթված է, բնակչությունը՝ տեղահանված: Ղարաբաղյան խնդրի գործընթացը կարծես թե իսկապես մոտեցել է մի կետի, որից հետո, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցության, բանակցությունները դառնում են անիմաստ»: Ինչպես ուղղորդում է «Երկիր»-ը, ԼՂՀ միջազգային ճանաչման մոտեցող գործընթացում Շահումյանը միանշանակորեն պիտի ընդգրկվի ու դիտարկվի որպես հանրապետության մաս:

«Առավոտ» թերթում էլ նույնը ընդգծել է Շահումյանի շրջանի պաշտպանության ղեկավարներից Պետրոս Մեղրյանը: «Թե' նախորդ իշխանությունների օրոք, թե' այսօրվա, Շահումյանի հարցը չի դրվում բանակցությունների սեղանին», - դժգոհում է նա, չհասկանալով պատճառները:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG