Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700֊ամյակի առիթով համաներում հայտարարելու մասին որոշումը:


Առանց «դեմ» ստանալու՝ 95 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով Ազգային ժողովն այսօր, փակ նիստում քննարկելուց հետո, ընդունեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկով ներկայացված Քրիստոնեության ընդունման 1700֊ամյակի առիթով համաներում հայտարարելու մասին որոշումը:

Համաներում հայտարարելու որոշման նախագիծը քվեարկության դրվեց գրեթե նույն տեսքով, որով բերվել էր խորհրդարան: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, փաստորեն, անընդունելի են համարել Ազգային Ժողովի փակ նիստում երեկ ներկայացված առաջարկները: Իսկ պատգամավորները, հիմնականում, պնդում էին, որ հատկապես Քրիստոնեության 1700֊ամյակի առիթով պետք էր հնարավորինս ընդարձակել համաներման ընդգրկումը:

Անկախ Հայաստանում վեցերորդ համաներման որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից եւ կկատարվի երեք ամսվա ընթացքում: Այն կտարածվի մոտ 2100 մեղադրյալի, ամբաստանյալի եւ դատապարտյալի վրա, որոնցից 1250֊նն ազատ կարձակվի, 867֊ի պատժաչափերը մասնակիորեն կկրճատվեն: Համաներման կիրառումը չի վերացնում դատվածությունը: Այն չի տարածվում մինչեւ դրա հրապարակումը հետախուզման մեջ գտնված անձանց վրա: Սա, օրինակ, Վանո Սիրադեղյանի դեպքն է:

Համաներմամբ ազատ են արձակվում մինչեւ երեք տարի ազատազրկման դատապարտվածները եւ ազատազրկման հետ չկապված պատիժ կրողները: Մինչեւ հինգ տարի ժամկետով դատապարտվածներից ազատ են արձակվում պատերազմի վետերանները ու բռնադատվածի կարգավիճակ ունեցողները՝ եթե նախկինում դիտավորյալ հանցագործություն չեն կատարել ու ազատազրկվել: Մինչեւ հինգ տարի ժամանակով դատապարտվածներից ազատ են արձակվում նաեւ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամները, կանայք, 60 տարին լրացած տղամարդիկ, նրանք, ովքեր հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկանը եւ նախկինում չեն ազատազրկվել:

Այս կապակցությամբ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ճակատագրի վերաբերյալ նույնիսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը դժվարացավ մեկնաբանություններ տալ: Աշոտ Բլեյանի նկատմամբ, մեղմացնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, վերաքննիչ դատարանը այս տարվա մայիսի 18-ին սահմանել էր 5 տարվա ազատազրկում: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, համաներման որոշումն ու Աշոտ Բլեյանի հանդեպ վերաքննիչ դատարանի վճիռները կողք֊կողքի դնելիս էլ, եթե փորձառու իրավաբան չես, գլուխ չես հանի: Առավել եւս, հաշվի առնելով, որ գործը հիմա էլ վճռաբեկ դատարանում է: Ամեն դեպքում, Աշոտ Բլեյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ պահանջում է ոչ թե ներում, այլ արդարացում:

Կարճվում են այն մեղադրյալների եւ ամբաստանյալների գործերը, որոնց համար սահմանված է մինչեւ երեք տարի ազատազրկում կամ ազատազրկման հետ չկապված պատիժ: Պատժի մնացած մասը կիսով չափ կրճատվում է մինչեւ հինգ տարի ազատազարկման դատապարտված ժամկետային զինծառայողների հանդեպ՝ եթե նախկինում չեն ազատազրկվել եւ այլն:

Համաներումը չի կիրառվելու կրկնահանցագործների, առանձնապես վտանգավոր պետական հանցագործություն կատարածների, դիտավորյալ սպանություն կատարածների, մաքսանենգության, պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերում եւ այլն: Հերթական զորակոչից խուսափած կամ զինծառայության վայրը մեկ ամսից ավելի ժամանակով ինքնագլուխ կերպով լքած զինծառայողների նկատմամբ համաներումը կկիրառվի, եթե նրանք երկու ամսվա ընթացքում ներկայանան իրավապահ մարմիններին:


Ռուզան Խաչատրյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG