Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը դեմ է կենսաթոշակները բարձրացնելու Դաշնակցության առաջարկին:


Ազգային Ժողովի այսօրվա նիստում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող օրինագիծը ներկայացնելիս, շեշտեց, թե կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություններն իրենց կողմից մանրազնին ուսումնասիրվել են եւ միանգամայն իրական են, ինչին տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց կառավարության ներկայացուցիչը:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության մշակած օրինագծով առաջարկվում է բազային կենսաթոշակը` ներկայիս 2860 դրամից հասցնել 3500 դրամի, ինչպես նաեւ՝ միասնական հավելավճար սահմանել աշխատանքային ստաժի համար՝ աշխատած յուրաքանչյուր տարվա դիմաց՝ 60 դրամ: Օրինագիծն արժանացավ տվյալ հարցի համար գլխադասային համարվող Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժովի պաշտպանությանը։ Դրական եզրակացություն էր տվել նաեւ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Մինչդեռ կառավարության անունից ելույթ ունեցած Հայաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի տնօրեն Ֆրունզե Մուշեղյանն ասաց, որ կառավարությունն այս պահին դեմ է կենսաթոշակների նույնիսկ չնչին բարձրացմանը։ «Այս պարագայում, ֆինանսական այս պայմաններում դա, մեր կարծիքով, իրատեսական չէ: Իրատեսական չէ պարտք ունեցած ժամանակ նորից կենսաթոշակները արագ տեմպերով բարձրացնելը, որի համար լրացուցիչ կպահանջվի 13 միլիարդ դրամ գումար», - փաստարկեց Սոցիալական ապահովագրության հիմնադրամի տնօրենը:

Ըստ ԱԺ պատգամավոր, նախկին սոցապնախարար Հրանուշ Հակոբյանի, առաջին հերթին հարկավոր է ճշտել կենսաթոշակառուների իրական թիվը. այն շոշափելիորեն ավելի փոքր է, քան ներկայացվող 516 հազարը: Նրա ասելով, կենսաթոշակները կարելի է ավելացնել նաեւ՝ վերացնելով կենսաթոշակային ապահովության համակարգում առկա չարաշահումներն ու վրիպումները։

Աղվան Վարդանյանը առաջարկում է նաեւ բացահայտել ստվերային եկամուտներ ունեցող մարդկանց ու նրանցից գանձել սոցիալական վճարները։ Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության գնահատումներով, հանրապետությունում 190 հազարից մինչեւ 200 հազար մարդկանց եկամուտները ոչ մի տեղ չեն հաշվառվում եւ, բնականաբար, դրանցից սոցիալական վճարներ չեն գանձվում։

Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, Հայաստանում մասնավոր գործատուներն իրենց հաշվետվություններում ցույց են տալիս փաստացի վճարված աշխատավարձերի ընդամենը 22 տոկոսը, ինչը նշանակում է, որ մնացած 78 տոկոսից սոցիալական վճարումներ չեն արվում։ Ու եթե այս եկամուտները հարկվեին, ապա կենսաթոշակներն արդեն այժմ հնարավոր կլիներ ոչ միայն կրկնապատկել, այլ առնվազն` քառապատկել։

Օրինագիծը քվեարկության կդրվի խորհրդարանի վաղվա նիստում. քանի որ այն ենթադրում է մասնակի բյուջետային փոփոխություններ, ապա ընդունվելու համար այն պետք է հավաքի Ազգային ժողովի բոլոր անդամների ձայների կեսից ավելին:

Ատոմ Մարգարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG