Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի շինարարական կազմակերպությունները խնդրում են իշխանությունների միջամտությունը


Հայաստանի շինարարների միությունն այսօր հայտարարությամբ դիմել է հանրապետության նախագահին, վարչապետին, քաղաքաշինության եւ արդյունաբերության ու առեւտրի նախարարներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Օրերս ցեմենտ արտադրող գործարաններում տիրող իրավիճակը բերեց ցեմենտի գնի կտրուկ բարձրացման...Խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական ոլորտը արհեստականորեն ստեղծված այս ցնցումից ժամ առաջ ազատելու համար»:

Ցեմենտի գնի աճը պայմանավորված էր այն բանով, որ միաժամանակ կանգ էին առել Հայաստանում ցեմենտ արտադրող երկու խոշոր գործարանները՝ Հրազդանի ցեմենտի գործարանն ու Արարատ-ցեմենտը: Կարճ ժամանակում ցեմենտի մեկ տոննայի գինը 21 հազար դրամից (38 ԱՄՆ դոլար) բարձրացավ մինչեւ 45 հազար դրամ: Երեկ, երբ սկսեց գործել տարեսկզբին սեփականաշնորհված Հրազդանի գործարանը, գինը կայունացավ 26 հազար դրամի սահմաններում, ինչը 10-12 տոկոսով բարձր է նախկին գնից:

Արարատ-ցեմենտը դեռեւս չի աշխատում եւ դեռեւս սեփականաշնորհված չէ: Անցած շաբաթ բանվորները թույլ չէին տվել գործարան մտնել պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին եւ գործարանի սեփականաշնորհման առաջիկա մրցույթին մասնացելու ցանկություն հայտնած շվեյցարական մի ընկերության ներկայացուցիչներին:

Ըստ Արարատ-ցեմենտի տնօրեն, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի, գների աճը որեւէ կապ չունի հիշյալ միջադեպի հետ: Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ խնդիրը կապված է գազի ծավալների եւ, դրանով պայմանավորված՝ գազի ճնշման մակարդակի հետ, եւ որ Արարատ-ցեմենտը կվերսկսի աշխատանքը, երբ իշխանությունները կկարողանան վերականգնել հանրապետություն մտնող գազի սովորական ծավալները:

Հարցին քաղաքական երանգ չի տալիս նաեւ բողոքող կողմը: «Ուզում եմ շեշտել, որ շինարարների միությունը հասարակական կազմակերպություն է, քաղաքական որեւէ հոսանքի չի հարում», - ասաց Հայաստանի շինարարների միության նախագահ Յուրի Սիմոնյանը: Նրա կարծիքով, միանշանակորեն պետք է աշխատի նաեւ Արարատի գործարանը, քանի որ «մենաշնորհի խնդիր կա այստեղ»:

Արմեն Զաքարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG