Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրանիկ Մարգարյանի հիսուն տարին են այսօր շնորհավորում: Նախագահ Քոչարյանը ընտանեկան մեծ երջանկություն է մաղթում, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը իր փորձառությունն է կիսում, թե «հիսուն տարին տղամարդու կյանքում շրջադարձային է. անպայման հետ ես նայում ապրածդ օրերին ու ինքդ քեզ հետ անկեղծ խոսակցություն ես ունենում՝ ինչ արեցիր ու ինչ չարեցիր, հետո առաջ ես նայում, որ որոշես ապրելիք օրերդ»: Բայց, իհարկե, բոլորի հայացքը առավել Անդրանիկ Մարգարյանի՝ որպես վարչապետ գործունեության վրա է: Այս առումով հանրագումարի հարմար առիթ է մանավանդ անցած շաբաթավերջին կայացած Հանրապետական կուսակցության համագումարը:

«Վստահ ենք, որ միասին երկար ճանապարհ ենք անցնելու՝ հաջողությամբ հաղթահարելով բազում փորձություններ», - շնորհավորական ուղերձում նրան է գրում հարազատ կուսակցության խորհուրդը: «Պատրանքների եւ իրականության արանքում» վերնագրի տակ «Ժամանակ» թերթն ամփոփել է, թե՝ «ՀՀԿ համագումարը բազմաթիվ հարցերի պատասխաններ ուներ, որոնք ներկայացնելով՝ նոր հարցեր է առաջացնելու»: Համագումարյան այս անդրադարձում առանձին ակնարկ կա հատկապես հանրապետականներից առանձնացածների ուղղությամբ՝ ի դեմս Ալբերտ Բազեյանի: Վերջինիս կեցվածքը գնահատվում է «վիրավորված մարդու կեցվածք, որով փորձում է այդպես քաղաքական դաշտում հաստատվել՝ մոռանալով, որ վիրավորվածի պահվածքով ուշադրություն գրավելը քաղաքական գործչի պահվածք չէ, այլ՝ «աբիժնիկի»»:

«ՀՀԿ համագումարը հակված չէր առավել սրել կամ կոնկրետացնել իրավիճակը», - գրում է «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի խոսքում տեղ-տեղ տպավորություն էր ստեղծվում, թե այ-այ հենց հիմա վարչապետը կասի իր վճռական խոսքը...Սակայն սահուն անցումները հերթական անգամ հիասթափեցնում էին: «Միասնություն» դաշինքի մասով խիստ նմանվում էին ՀՀԿ եւ ՀԺԿ նախագահների զեկուցումները»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հայացքով՝ «Անդրանիկ Մարգարյանի ելույթը իշխող կուսակցության ղեկավարի շարքային ելույթ էր», այսուհանդերձ՝ տողատակերում ակնարկներ կային, որ ափերից հանեցին ՀԺԿ-ին ու «Հանրապետություն» կուսակցությանը: «Խորհրդարանական կուսակցությունները, որ հրավիրված էին ՀՀԿ-ի համագումարին, հերթական անգամ ականատես եղան, թե ինչ է լինում, երբ երկու ուժեղ անհատ որոշում են դաշինք ձեւավորել, որի տակ ֆունդամենտ չկա, ու որը պարզապես անտանելի է դառնում»,- հակասությունների սրումն է ամրագրել թղթակիցը:

«Հայոց Աշխարհ» թերթում էլ փաստված է. ««Միասնություն» դաշինքի մեջ մտնող զույգ կուսակցությունների համագումարները հանրության համար ակնհայտ դարձրին ՀԺԿ եւ ՀՀԿ-ի միջեւ գոյություն ունեցող խորը անդունդը: Դրա հետեւանքով հանրապետության ներքաղաքական կյանքում սկիզբ առած հստակեցումների եւ սահմանազատումների գործընթացը թեւակոխեց իր վճռորոշ շրջափուլը»: Մեկնաբանի ուրվագծմամբ, «սրանից հետո ՀԺԿ-ն կա'մ պետք է տեր կանգնի «Միասնություն» դաշինքի գաղափարների սեփական մեկնաբանությունը, եւ, հետեւաբար, անցնի ընդդիմության դաշտը՝ դառնալով... ընդդիմադիր դաշինքի հիմնական ուժերից մեկը, կա'մ էլ ընդունի, որ վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում ինքը զբաղվել է քաղաքական աննպատակ դեգերումներով եւ կանգնի ՀՀԿ-ի կողքին՝ վերջինիս համագումարում ընդունված հստակ բանաձեւերը իրականություն դարձնելու համար»:

«Երկիր» թերթի խտացմամբ էլ, ««դաշնակիցները» հրապարակավ ասացին այն, ինչ մտածում էին մեկմեկու մասին, իսկ ասելիքի մեջ թշնամանքի մաղձը շատ էր»: Եվ ամենամեծ տարակույսն է ծնում, որ «թե' ՀԺԿ, թե' ՀՀԿ ղեկավարները այս ամենով հանդերձ հայտարարեցին. «Դաշինքը պետք է պահպանվի»: «Իրավունք»-ի մեկնաբանը ենթադրում է, որ «նախկին դաշնակիցների ջրբաժան անցկացնելը կունենա նաեւ կադրային հետեւանքներ ինչպես կառավարությունում, այնպես էլ իշխանության միջին եւ ստորին օղակներում»: Իսկ «Միասնություն» դաշինքը հանրապետականներն, այնուամենայնիվ, պահպանում են՝ թողնելով «քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում հին դաշնակիցների հետ կրկին սերտորեն համագործակցելու» հնարավորություն:

Ռուսաստանի Պետդումայի պատվիրակության այցը հայաստանյան մամուլը պատմության գիրկն է ուղարկում ոչ միայն այն պատումով, թե ենադի Սելեզնյովին «իր քաշով մեկ կոնյակ են նվիրել»: Ինչպես «Հայոց Աշխարհ» թերթն է շեշտել՝ «Առավել քան հստակ դրսեւորվեց Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցելու հարցում Պետդումայի խոսնակի բավական շահագրգիռ մոտեցումը»: «Հայաստանի կոմունիստ» թերթի խմբագրականը ներշնչում է, թե նախագահ Քոչարյանը ձեռնոց նետեց ժողովրդին՝ ասելով, որ Ռուսաստան - Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության հարց օրակարգում չկա: «Ժողովուրդը պատրաստ է ընդունել իշխանությունների մարտահրավերը՝ հնարավոր անցանկալի հետեւանքների պատասխանատվությունը վերապահելով նրանց, ովքեր նման պատասխանատվության անհրաժեշտություն են առաջացնում», - սպառնալիք է ուրվագծում կոմկուսի պաշտոնաթերթը: «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի մատուցմամբ՝ կոմունիստները «Ռուսաստանի քաղաքական շրջանակների մոտ թյուր կարծիք են ձեւավորել Հայաստանում առկա տրամադրությունների մասին...Ժողովուրդը այս անցուդարձի նկատմամբ ընդհանուր առմամբ անտարբեր է եւ չի հավատում, որ Ռուսաստան-Բելառուսին անդամակցելը մեր բոլոր խնդիրները կլուծի»: Եվ ժողովրդի իրական տրամադրությունը կարելի էր դիտարկել հենց Սելեզնյովի «այցին «ընդառաջ» կազմակերպված հանրահավաքի միջոցով, որին ներկա էր հազիվ 5 հարյուր մարդ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG