Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի ղեկավարները բանակացությունների ձախողման համար մեղադրում են Ադրբեջանին





Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը այսօր, պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություներին վերաբերող լրագրողների հարցերին, ասաց. «Փարիզյան սկզբունքները, ինչքան ես հասկանում եմ, ձախողվել են՝ Ադրբեջանի մեղքով»: Արկադի Ղուկասյանը, սակայն, լավատես է մնում, քանի որ, անդրադառնալով բանակցությունների հեռանկարներին, կարծիք հայտնեց, թե «կլինեն ուրիշ առաջարկներ, ուրիշ մոտեցումներ»:

Փարիզյան եւ քիուսթյան հանդիպումների արդյունքում ծնված լավատեսությունն սկսեց աստիճանաբար նվազեց անցյալ ամիս Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահների տարածաշրջան կատարած այցից հետո:

ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը, ելույթ ունենալով Հայաստանի ամերիկյան համալսարանում, այսօր հայտարարեց, որ «Բաքուն պատրաստ չէ հարցի լուծմանը»: Ըստ ԼՂ արտգործնախարարի, Ալիեւը դեռ պետք է հստակեցնի, թե ինչպիսի զիջումների է պատրաստ ադրբեջանական կողմը: Նաիրա Մելքումյանն ասաց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի «ենթակայությունից դուրս» լինելու հայկական կողմի պահանջը գնալով արժանանում է «ավելի հավասարակշռված մոտեցում» ցուցաբերող միջազգային միջնորդների աջակցությանը:

Պաշտոնական այցում նախագահ Ղուկասյանին ուղեկցող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակացություններին, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությունը բացառվում է, քանի որ՝ «Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Ղարաբաղում ադրբեջանական համայնք չկա: Իսկ եթե խոսքը ադրբեջանցի նախկին բնակիչների մասին է, ապա Ղարաբաղում բնակվում էին ոչ միայն ադրբեջանցիներ, այլեւ շատ ու շատ այլ ազգեր, որոնք... կարող էին իրենց զգալ որպես ինքնուրույն միավոր»: Պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների ձգձգմամբ ժամանակն ո՞ւմ օգտին է աշխատում, Օլեգ Եսայանն ասաց՝ «Ով ավելի լավ օգտագործի այդ ժամանակը»:



Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG