Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի զինվորները` նախկին խորհրդային տարածքում



Ռոբերտ Քոչարյանը եւ Ջորջ Ռոբերտսոնը բանակցությունների պահին: Հունիսի 6, Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:


Այսօր արեւմտյան Վրաստանում սկսվեցին «Համագործակցող գործընկեր 2001» հյուսիսատլանտյան դաշինքի հովանավորած զորավարժությունները, որին մասնակցում են 11 եկրների զինված ուժերը ներկայացնող շուրջ 4000 զինվոր: ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված աննախադեպ այս զորավարժություններին մասնակցում է ավելի քան 40 ռազմանավ: Սեւծովյան Փոթի նավահանգստում սկսված զորավարժությունները կտեւեն երկու շաբաթ եւ կշարունակվեն մինչեւ հունիսի 22-ը: Մասնակից երկրիներից հինգը ՆԱՏՕ-ի անդամ են՝ Միացյալ Նահանգներ, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան, եւ Թուրքիա: Մնացած վեց մասնակիցներն են Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Շվեդիան եւ Ուկրաինան:

ՆԱՏՕ-ի հովանավորած զորավարժությունը գլխավորապես խաղաղապահ առաքելություն ունի: Սակայն ծրագրվում է փորձարկել նաեւ հետերկրաշարժային փրկարար աշխատանքները, ինչպես նաեւ պայմանական ապստամբների դեմ ռազմական գործողությունները: Հայաստանը այս զորավարժություններին չի մասնակցում, թեեւ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի հիմնադիր անդամներից է: Ի դեպ, Հայաստանի պաշտպանության նախարարը անցած շաբաթ Բրյուսելում մասնակցել էր ՆԱՏՕ-ի գործընկերների կիսամյա խորհրդաժողովին: ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրին մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը տարեկան երկու անգամ նիստ է գումարում: Հայաստանի խաղաղապահները նույնպես մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Ինչ վերաբերում է ներկա զորավարժություններին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը որեւէ կերպ դրանց չի արձագանքել:

Այս զորավարժություններին չի մասնակցում նաեւ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի մյուս անդամը՝ Ռուսաստանը: Ինչպես նկատում են զորավարժություններին հետեւող մեկնաբանները, Ռուսաստանը, ամենայն հավանակությամբ, նախկին խորհրդային տարածքում անցկացվող առաջին խոշորածավալ զորավարժությունները կգնհատի իբրեւ արեւմտյան ռազմական դաշինքի կողմից մի նոր ոտնձգություն: Հավանաբար այս մտահոգությունը նկատի ուներ Վրաստանի նախագահը, երբ հայտարարեց, թե «Համագործակցող գործընկեր 2001» զորավարժությունը չպետք է վատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Թեեւ ռուս-վրացական հարաբերությունները մնում են լարված, Ռուսաստանը դեռեւս շոշափելի ռազմական ներկայություն ունի Վրաստանում՝ չորս ռազմական հենակայան: Թբիլիսին համառորեն պահանջում է Մոսկվայից դուրս բերել զորքերն իր տարածքից: Հուլիսին երկու ռազմական հենակայաններ կփակվեն: Մյուս երկուսի փակման շուրջ բանակցությունները շարունակվում են:

«Այսպիսի խոշոր զորավարժությունների անցկացումը ՆԱՏՕ-ին անդամագրելու ճանապարհին Վրաստանի կատարած եւս մի կարեւոր քայլ է՝ եւս մի ապացույց, որ Վրաստանը հյուսիսատլանտյան դաշինքի կառույցներին ինտեգրվելու թեկնածու է», - ասել է նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն իր ռադիոուղերձում: Վրաց ղեկավարը նախկինում հայտարարել էր, թե իր երկիրը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց հետո փոխել էր տեսակետը՝ չբացառելով նույնիսկ, որ Վրաստանը կարող է չեզոք երկիր դառնալ:

Մայիսի 25-ին վրացական բանակում տեղի ունեցավ խռովություն, որին մասնակցեց շուրջ 800 զինվոր: Խռովարարները բողոքում էին աշխատավարձի պարբերական չվճարումների, կենցաղային ծանր պայմանների դեմ: Խռովարարները համաձայնեցին վերադառնալ զորանոցներ միայն այն բանից հետո, երբ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն խոստացավ բարելավել զինվորների կենսապայմանները:


Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG