Մատչելիության հղումներ

Հանրապետականները պաշտպանում են կառավարության գործունեությունը



Հանրապետական կուսակցության վերընտրված նախագահ Անդրանիկ Մարգարյանը Գենադի Սելեզնյովի հետ:


Եթե հունիսի 2-ին տեղի ունեցած ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցության) համագումարի ամբիոնից ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցություն) ու վերջինիս նախագահի ղեկավարած կառավարությունը բավական կոշտ քննադատության արժանացավ, ապա այսօր տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության 6-րդ համագումարում կարդացած իր զեկուցման մեջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ավելի մեղմ արտահայտությունների էր դիմում, օրինակ՝ «Դաշնակցի աջակցությունը միշտ չէ, որ զգացել ենք մեր թիկունքին»: Այնուամենայնիվ, հանրապետական կուսակցությունը գտնում է, որ «Միասնություն» դաշինքը պետք է պահպանվի, որովհետեւ ինքնանպատակ չի ստեղծվել, ստացել է ժողովրդի վստահության քվեն եւ պարտավոր է այն արդարացնել»:

Իր զեկուցման մեջ խոսելով վարչապետի պաշտոնում բազմաթիվ՝ մեծամասամբ, արհեստականորեն ստեղծված, խոչընդոտներ հաղթահարելու, թիկունքից եկող հարվածներից զգուշանալու մասին, Անդրանիկ Մարգարյանը, մասնավորապես, ասաց, որ ներքին թշնամու դեմ կռիվը շատ ավելի ծանր է լինելու եւ ծանր է առաջին հերթին՝ հոգեբանական առումով:

«Ովքե՞ր են այդ ներքին թշնամիները... Հանրապետության նախագահ, կառավարություն, բոլոր լծակները, իրավասությունները իրենց ձեռքում են, պատասխանատվությունն էլ իրենցն է», - անդրադառնալով ելույթի այդ հատվածին, ընդմիջմանն ասաց նախկինում հանրապետական, այժմ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից մեկը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Իսկ հաշվետու զեկուցումն ամբողջությամբ Ալբերտ Բազեյանը գնահատեց այսպես. «Չկար գնահատական հոկտեմբերի 27-ի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, շատ սուբյեկտիվ, հարմարվողական կուսակցության հաշվետու զեկուցում էր: Ավելին չէինք էլ կարող սպասել հանրապետական կուսակցությունից»:

Կառավարության գործունեության մասին ՀՀԿ խորհրդի նախագահն ու վարչապետն ասաց, որ շատ մեծ արդյունքներ ակնկալել հնարավոր չէր: Այդուհանդերձ, արդեն երկրորդ տարին է, ինչ կառավարությունն աշխատում է գործողությունների հստակ ծրագրով. ամեն ծրագիր ունի իր ժամկետները, պատասխանատուն եւ ֆինանսավորումը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, արտաքին համագործակցությանը զեկուցողը ներկայացրեց հանրապետական կուսակցության դիրքորոշումը, ըստ որի, «պետությունը... վարում է հավասարակշռված քաղաքականություն հարեւանների, Եվրախորհրդի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ ու ԱՊՀ-ի շրջանակներում, իր մասնակցությունը բերելով եւ' տարածաշրջանային, եւ' եվրոպական ծրագրերին:

Համագումարն ընդունեց բանաձեւ, որում ՀՀԿ-ն «միանգամայն իրական է համարում «Միասնություն» դաշինքի եւ կառավարության գործունեության ծրագրերի լիակատար իրագործումը»: Այդ նպատակով, սակայն, անհրաժեշտ է, ի թիվս այլնի, բարեփոխել պետական համակարգը՝ Սահմանադրական եւ համապատասխան օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ամրապնդել քաղաքական կայունությունը, հավատարիմ մնալ ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքներին (Ադրբեջանին ԼՂՀ ենթակայության բացառում, ՀՀ-ԼՂՀ ընդհանուր սահման, լիակատար անվտանգություն ապահովող ԼՂՀ սահմանների ամրագրում, ՀՀ տարածքային ամբողջականության անձեռնմխելիություն), «Հոկտեմբերի 27»-ի դատավարության արդար եւ շահարկումներից զերծ ընթացք, կոռուպցիայի դեմ վճռական եւ հետեւողական պայքար:

Համագումարն ընտրեց 25 անդամից բաղկացած խորհուրդ, որն էլ խորհրդի նախագահ՝ կուսակցության ղեկավար, կրկին ընտրեց Անդրանիկ Մարգարյանին: Դրանով համագումարն ավարտեց իր աշխատանքը:

Հանրապետական կուսակցությունն այսօր ունի 8000 հազար անդամ: Կառավարությունում այն ներկայացված է վարչապետով, 9 նախարարներով, 6 փոխնախարարներով, կառավարությանն առընթեր կոմիտեների 2 նախագահներով:

Արմեն Զաքարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG