Մատչելիության հղումներ


Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հետ հանդիպեց նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:



Այսօր երեկոյան Բրյուսելից Երեւան ժամանեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Բելգիայում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել ինչպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնատարների, այնպես էլ Բելգիայի իշխանությունների հետ:

«Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով լրագրողներ հարցերին եւ անդրադառնալով, մասնավորապես, Բրյուսելում արված իր այն հայտարարությանը, որ «հավասար իրավունքներ՝ երկու կողմերի համար, կնշանակի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո եւ դե յուրե անկախություն», Հայաստանի նախագահն ասաց. - «Երբ խոսում ենք հակամարտող կողմերի իրավահավասարության մասին, դա փաստորեն նշանակում է, փաստացի անկախության որեւէ ձեւակերպում, որը նաեւ համապատասխան կլինի միջազգային ձեւակերպումներին: Խոսքը դե ֆակտո անկախությունը, ինչ-որ տեղ, դե յուրե ամրագրելու մասին է»: Նախագահը նաեւ ավելացրեց, որ խոսքը Ղարաբաղի մասին է, ոչ թե ամբողջ տարածքի:

Ինչ վերաբերում է այցի արդյունքներին, ապա նախագահը իր գոհունակությունը հայտնեց Բելգիայում ունեցած իր հանդիպումներից: Պատասխանելով Եվրամիությանը անդամակցելու հնարավորության մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դա ղեկավարների հաջորդ սերունդների գործն է: Իր խնդիրը եւ առհասարակ առաջիկա տարիների խնդիրն այն է, որ առավելագույն հնարավոր չափով մոտեցվեն չափանիշները: «Եվրամիությանը միանալու հարց այսօր չի դրվում: Չենք ուզում երազներով ապրել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախագահն պատասխանեց նաեւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի՝ Երեւանում արած այն հայտարարությանը վերաբերող հարցին, թե նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկելու է նաեւ «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես ասաց. - «Բազմիցս հայտնել եմ, նաեւ արտահայտվել եմ Եվրամիության հանդիպումների շրջանակներում, որ նման խնդիր մեր առջեւ չենք դնում»:


Հրաչ Մելքումյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG