Մատչելիության հղումներ

Խաթամին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում




Վերջին հաղորդագրությունների համաձայն, քվեների հաշվարկը շարունակվում է, եւ Իրանի ներկայիս նախագահը առայժմ շուրջ 79 տոկոս քվե է ստացել: Չորս տարի առաջ նա ստացել էր 69 տոկոս: Արդեն այժմ կարելի է ասել, որ Մոհամադ Խաթամին անակնկալ մատուցեց: Բայց անակնկալն այն չէ, որ Խաթամին փաստորեն հաղթել է: Թեեւ Իրանում, ընդհանուր առմամբ, դժգոհություն կար, որ նախագահը չկարողացավ կատարել իր խոստումները, սակայն ոչ ոք կասկած չուներ, որ Խաթամին, ի վերջո, հաղթելու է իր հակառակորդներին, քանի որ նրան հավասար մրցակից պարզապես չկար: Եվ շատերը սպասում էին, որ չափավոր հայացքներ ունեցող այս հոգեւորականը, որը փորձում էր Իսլամը հաշտեցնել ժողովրդավարության հետ, կհաղթի, բայց՝ համեստ ցուցանիշներով:

Խաթամիին մարտահրավեր նետած պահպանողական հոգեւորականներից մեկը՝ Իրանի համալսարանի ղեկավար Աբդոլահ Ջասբին Խաթամիի ինը մրցակիցներից առաջինն էր, որ ընդունեց իր պարտությունը: «Մարդիկ քո ծրագրում գտան բարեփոխումների իրենց իղձերի ու պահանջների արձագանքը», - հայտարարեց Ջասբին: Իսկ մյուս թեկնածուներից ամենաշատ քվեներ հավաքեց նախկին աշխատանքի նախարար, պահպանողական Ահմադ Թավաքոլին՝ 14 տոկոս:

Խաթամիի բարեփոխականները նրանից միշտ պահանջում էին պահպանողականների դեմ պայքարում դիմել արմատական քայլերի: Սակայն Խաթամին գտնում է, որ արմատականությունը ամենեւին չի նպաստի բարեփոխումներին, վախենալով, որ արմատական քայլերը կարող են քաղաքացիական բախումների պատճառ դառնալ: Իր նախագահության առաջին չորս տարիներին Խաթամիի շատ աջակիցներ հեռացվեցին պաշտոններից, բանտարկվեցին, հալածվեցին երկրի պահպանողական կղերականության կողմից, որոնք կատաղի դիմադրություն էին ցույց տալիս բարեփոխումներին:

Չնայած անհաջողություններին, Խաթամիի ժամանակ փոփոխություններ տեղի ունեցել են: Խոսքի ավելի շատ ազատություն կա, շարքային իրանցիները չեն վախենում բողոքել եւ ավելին պահանջել իրենց ղեկավարներից: Իսկ ինքը՝ Խաթամին իր մեծագույն նվաճումն է համարում այն իրողությունը, որ իր ամենամեծ հակառակորդներ անգամ ստիպված են խոսել բարեփոխումների լեզվով:

Ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ էր միայն, երբ Խաթամին հայտարարեց, որ առաջադրում է իր թեկնածությունը: Մինչ այդ նա տատանվում էր: «Մարդիկ ինձ համոզեցին, որ մասնակցեմ», - բացատրում է Խաթամին: Նրա աջակիցները մտավախույթուն ունեին, որ նախագահն իր պասիվ նախընտրական արշավով կարող է քիչ քվեներ ստանալ, ուստիեւ՝ չունենալ բարեփոխումները շարունակելու համոզիչ մանդատ: Բայց, ինչպես վկայում են քվեարկության արդյունքները, համեստ ընտրարշավ վարելու քաղաքականությունը արդյունավետ եղավ:

Այժմ Խաթամին ժողովրդական մանդատ ունի եւ կարող է իր բարեփոխումներն առաջ տանել՝ որպես ժողովրդական պահանջատիրություն: Բայց արդյո՞ք նա ունի անհրաժեշտ լիազորությունները: Թեեւ նրան աջակցում է երկրի մեծամասնությունը, իրական իշխանությունը չընտրված կղերականների ձեռքում է: Երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեյին, որին ընտրում է հոգեւորականների ավագանին, վերահսկում է բանակը, նշանակում է դատավորներին եւ ռադիոհեռուստատեսային ընկերության ղեկավարին: Խամենեյին նշանակում է նաեւ, այսպես կոչված, պահապանների խորհրդի 12 անդամներին, որոնք փաստորեն սահմանադրական դատարանի ֆունկցիա ունեն եւ կարող են վետո դնել ցանկացած օրենքի վրա:

Բայց, ինչպես երեւում է, այն ընդարձակ մանդատը, որ կստանա Խաթամին, հնարավորություն կստեղծի նրա համար փոփոխություններ մտցնել նաեւ իշխանության բաժանման հարցում: Այդպիսի հույսեր է տածում ԱՄՆ-ի կառավարությունը, աշխարհի այն միակ երկիրը, որի հետ Իրանը մինչեւ օրս հրաժարվում է պաշտոնական երկխոսություն վարել: Մասնակցության այսքան բարձր տոկոսը, վկայում է, որ իրանցիները ազատության, օրենքի գերիշխանության, ավելի լավ ապրելու մեծ ձգտում ունեն, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը՝ հույս հայտնելով, որ քվեարկողների ցանկությունները կհարգվեն:

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել են նաեւ Հայաստանում բնակվող իրանցիները: Հայաստանում 432 իրանցի է քվեարկել, որոնցից 393-ը ընտրել է Խաթամիին: Ուրեմն, Հայաստանցի իրանցիներն էլ իրենց հույսերը կապում են Իրանի բարեփոխական առաջնորդի՝ Մոհամադ Խաթամիի հետ:

Այսօր երեկոյան, Բրյուսելից ժամանելուց անմիջապես հետո Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Մոհամադ Խաթամիի հաղթանակին, ասաց. - «Նման արդյունքը միայն ողջունելի էր մեզ համար: Իրանը մեր բարեկամն է, եւ այն քաղաքականությունը, որ տարվում էր վերջին տարիների ընթացքում, շարունակական կլինի»:

Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG