Մատչելիության հղումներ

Խորհրդարանը կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը


Երկուշաբթի՝ այս նստաշրջանի վերջին հերթական եռօրյայի առաջին օրը Ազգային ժողովը փակ նիստում՝ հանրապետության նախագահի եւ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, կքննարկի համաներում հայտարարելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700֊ամյակի առիթով եւ ելնելով մարդասիրական սկզբունքներից ու Սահմանադրության ընձեռած հնարավորությունից, համաներում հայտարարելու առաջարկով հանդես է եկել Հանրապետության նախագահը:

Հարցի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա փակ նիստում ասել է, որ համաներումը տարածվելու է մոտ 2100 մեղադրյալի, ամբաստանյալի եւ դատապարտյալի վրա: Դրանցից ոմանք ազատություն կստանան, մյուսների պատժաչափերը կկրճատվեն. վերջնական թվերը կներկայացվեն Ազգային Ժողովի փակ նիստի ժամանակ: Որոշման նախագծի տեքստը գաղտնի է:

Իսկ «Հոկտեմբերի 27»֊ի դատավարությունը վերահսկող պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովն այսօր հյուրընկալեց ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանին եւ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանին: Նիստի հենց սկզբում այն փակ անցկացնելու որոշում ընդունվեց:

Ըստ վստահելի աղբյուրներից ստացված տեղեկությունների, նախարարների եւ հանձնաժողովի անդամների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գտնել լուծումներ, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան առանց խոչընդոտների մուտք գործել այն մեկուսարանները, ուր պահվում են գործով ամբաստանյալները: Մեխանիզմները դեռեւս հստակեցվելու են:


Ռուզան Խաչատրյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG