Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը գտնում է, որ Ղարաբաղը պետք է գերիշխանություն հայտարարի իր փաստացի սահմանների վրա


Մամուլի հրապարակումներից, լրատվական գործակալությունների հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ ղարաբաղյան կարգավորման նոր տարբերակը մերժվում է Ադրբեջանի կողմից, այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղի հարցը, ըստ Դաշնակցության, այն հարցն է, որի նկատմամբ ժողովուրդը եւ իշխանությունները պետք է կարողանան միասնականություն, ամուր ու հաստատակամ կեցվածք պահպանեն: «Այս միասնականություն երաշխավորը եւ նախանձախնդիրը, առաջին հերթին, պետք է լինեն իշխանությունները, հետո՝ քաղաքական կուսակցությունները», - ասաց Հրանտ Մարգարյանը: - «Իշխանությունները պետք է հարցը քննարկեն քաղաքական ուժերի հետ, խորհրդակցեն, որպեսզի առավելագույն միասնականություն դրսեւորվի: Ղարաբաղի հարցը գործարանի տենդեր չի, որ գաղտնի պահվի»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձավ Ղարաբաղի հարցում շտապ սրբագրման կարիք ունեցող մի շարք բացթողումների. - «Ղարաբաղը պետք է վերջապես իր գերիշխանությունը հայտարարի Ղարաբաղի փաստացի սահմանների վրա: Որովհետեւ Ղարաբաղի անկախությունը հայտարարվել էր ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի) սահմանների մեջ: Ղուբաթլիի, Զանգելանի շրջանները պետք է ունենան Լաչինի կարգավիճակը, եւ համազգային ջանքերով պետք է աշխատենք վերաբնակեցնել այդ շրջանները»:

Ըստ Հրանտ Մարգարյանի, տարածքների ապառազմականացումը նույնպես փոխզիջում է: Ու թեեւ սա բոլորովին այն չափի զիջումը չէ, որին, թերեւս, պատրաստ է նախագահը, Դաշնակցությունը չի ընդդիմանում նախագահին, քանի որ «ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, այս իշխանությունների օրոք էլ գտնում ենք, որ կարեւոր ու հիմնական հարցը երկրի քաղաքական կայությունն է»: ՀՅԴ-ն գտնում է, որ Ղարաբաղը պահելու համար քաղաքական կայունություն է անհրաժեշտ:

«Իսկ ինչ մնում է պայքարելուն, ապա, ես կարծում եմ, որ երբ այդ պահը գա, երբ մենք դա անհրաժեշտ համարենք, երբ վտանգը տեսնենք, չի կարելի կասկածել, որ Դաշնակցությունը պայքարելու է», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը:


Հրաչ Մելքումյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG