Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը այսօր մի քիչ էլ անդրադարձել է մամուլի դարդուցավին, ներկայացնելով. մարդկանց լրատվություն փոխանցելու իրենց «գործառույթից արդեն շուրջ երկու տարի է, ինչ զրկված են «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ ոչ իշխանամետ այլ թերթեր, երբ խոսքը նախագահի կամ վարչապետի այցերի մասին է։ Մեզ ոչ թե չեն հրավիրում, այլ արգելում են անգամ ներկա գտնվել ջրմուղի մի խողովակի բացման արարողությանը, եթե դրան մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանը»։ «Առավոտ»-ը արձանագրում է նաեւ լրագրողներին ուղղված սպառնալիքների, հետապնդումների ծավալումներ:

«Իրավունք» թերթը անդրադարձել է հականախագահական բեւեռի ծավալումներին, դասակարգելով. - «Այսօր, ըստ էության, կա հականախագահական երկու բեւեռ: Առաջինը միավորում է ՀՀՇ-ամետ ուժերին, որոնք ձգտում են ռեւանշի եւ անգամ «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումը համարում են ոչ ընդդիմադիր: Երկրորդ բեւեռը «Հանրապետություն» կուսակցությունն է, որին ավելի մեղմ տարբերակով ձայնակցում են ՀԺԿ-ն եւ կոմկուսը»: Մեկնաբանի հայացքով, բոլոր դեպքերում, «դժվար թե ՀԺԿ - «Հանրապետություն» այլանսը հնարավորություն ունենա լրջորեն հավակնելու 2003 թվականին հաղթել նախագահական ընտրություններում կամ դառնալու խորհրդարանական մեծամասնություն»: Այս դաշտում դեռեւս հարցական է դիտվում նաեւ, թե ինչքանով ՀԺԿ-ն իշխանության կողմից կառավարելի չի լինի: Վերջինիս ընդդիմադիր ակտիվության աստիճանը հիմա պայմանավորվում է նրանով, թե «ինչպիսի փոփոխություններ կլինեն կառավարությունում եւ իշխանության միջին ու ստորին օղակներում»:

«Ժամանակ» թերթում նշվում է, որ վաղը հանրապետական կուսակցության համագումարում վերլուծվելու են ՀԺԿ համագումարում իրենց հասցեին հնչած քննադատությունները, որոնց առյուծի բաժինը վերաբերում է հանրապետականների ղեկավարի գլխավորած կառավարության գործունեությանը: Մեկնաբանը գրում է. - «Հնչում են ոչ միայն խիստ սուբյեկտիվ, այլեւ հաճախ աբսուրդի հասնող կարծիքներ եւ տեսակետներ... ՀՀԿ-ին դատափետողները ի դեմ վարչապետի ուզում են տեսնել նախագահին ընդդիմացող ուժի: Կամա թե ակամա ստացվում է, որ նրանք փորձում են եւ ուզում են վերադարձնել այն իրավիճակը, որ տիրում էր մինչեւ անցյալ տարվա մայիսը եւ բնորոշվում էր իշխանական թեւերի միջեւ սուր հակասություններով, քաղաքական անկայունությամբ, եթե չասենք՝ ճգնաժամով»:

«Ժամանակ»-ի հարցազրույցում «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ասում է. - «Կառավարության, վարչապետի, նախագահի հասցեին արված արտահայտությունները ոչ պատշաճ եմ համարում: Պատշաճ չէր նաեւ, երբ խոսքը, շատ անպատշաճ հայտարարություններով, ուղղվում էր նաեւ հրավիրված կուսակցություններին: Առավել եւս, եթե խոսքը վերաբերում է հանրապետականներին, դա բնավ չէր կարելի»: Գալուստ Սահակյանի սահմանմամբ, քանի որ ՀԺԿ քաղաքական խորհուրդը կազմվեց հենց նման հայտարարություններ անողներից, դա արդեն քաղաքական գծի որակավորում է: Իսկ իրենց համագումարում, ինչպես ձեւակերպել է, «չարչիական որակավորում, նեղ կենցաղային, անձնական շահերի քննարկումներ չեն լինի»:

«Իրավունք»-ի հարցազրույցում ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասում է. - «Եթե ես լինեի ՀՀ նախագահը, ապա կողմ չէի լինի, որ մյուսներն, իմ նկատմամբ ունեցած վստահությունից միայն ելնելով, համաձայնեին ինձ հետ: Վաղը, մյուս օրը կփոխվեն նախագահները, չենք լինի եւ մենք, իսկ մեր երեխաներին ու թոռներին թողնելու ենք պետություն: Ավելի մեծ բաների հավատալով է պետք հարցը լուծել ու ոչ թե այս կամ այն անձին վստահելով»: Տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանը խոսում է ղարաբաղյան կարգավորման թեմայով: «Ես չեմ տեսնում այնպիսի բանակցություններ, որոնք հանգեցնեն դրական արդյունքների», - կիսվում է նա, - «գտնվի այնպիսի լուծում, որը կբավարարի եւ' Հայաստանի, եւ' ԼՂ-ի, եւ' Ադրբեջանի ժողովուրդներին, քաղաքական ուժերին ու իշխանություններին»:

«Ժամանակ» թերթի վերլուծությամբ, «Փարիզից եւ Քի Ուեսթից հետո առաջացած լավատեսական էյֆորիայի մեջ այնքան անհասկանալի, հակասական, տրամաբանության եւ օրինաչափության կանոններին չենթարկվող բան կար, որ թվում էր՝ եռանախագահողները շուտով ինչ-որ ֆոկուս են ներկայացնելու, որի մեջ ձեռնածուի հմտությամբ պետք է համատեղվի անհամատեղելին»: Ինչի՞ց էր ծագել խնդրի արագ կարգավորման այդ բլից-խանդավառությունը: Մեկնաբանն ուրվագծում է հետեւյալ ենթադրական սցենարը. «Փարիզում, Ժակ Շիրակի միջնորդությամբ բանակցությունների ժամանակ, Ֆրանսիայի նախագահի համար էլ բավական անսպասելի՝ շատ հստակ սկզբունքների շուրջ հաջողվում է կորզել երկու նախագահների համաձայնությունը... Ինքն իրենից դժգոհ, դեռեւս շոկի մեջ գտնվող Ալիեւին ուշքի գալու հնարավորություն չտալու համար նախաձեռնվեց Քի Ուեսթը, որտեղ, բնականաբար, Ալիեւը չէր կարող այնքան անլուրջ երեւալ եւ հրաժարվել դեռ օրեր առաջ տված խոստումից»: Ավելի ուշ, սակայն, Ալիեւը այնուամենայնիվ կրկին միտքը փոխեց:

Ինչպես փոխանցում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը, երեկ Երեւանի օդանավակայանում լրագրողների հարցին, թե «Ռուսաստանը պատրա՞ստ է ԼՂՀ-ն ընդունել Ռուսաստան - Բելառուս միության մեջ կա'մ Հայաստանի կազմում, կա'մ՝ որպես ինքնուրույն հանրապետություն», Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սելեզնյովը պատասխանել է. - «Ինքնուրույն՝ ոչ, բայց մեր Հայաստանի բարեկամների հետ, իհարկե, կքննարկենք հարցը, քանզի մեր միությունը բաց է»:

«Հայկական ժամանակ» թերթն առանձնացնում է, որ հունիսի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կոմկուսների պատվիրակությունների հանդիպման ժամանակ «ոչ մի բառ ո՛չ մեր կողմից, ո՛չ էլ ադրբեջանցիների կողմից Ղարաբաղի մասին չի հնչել»: - «Եւ այսպես՝ ամեն երեք ամիսը մեկ նորաստեղծ «Կարմիր կամուրջ» հասարակական շարժման անդամները կհանդիպեն ու չեն խոսի Ղարաբաղից, շրջափակումից, փախստականներից», - խտացրել է մենկաբանը: Օրակարգում շատ ավելի կարեւոր թեմա ունեն. - «Նրանք կհիշեն նախկին հանրամատչելի կյանքը, կերազեն «Ռուսաստան-Բելառուսի» մասին, մի քիչ կնախանձեն մոլդավ կոմունիստների բախտին ու իրար հրաժեշտ կտան՝ մինչեվ հաջորդ հանդիպումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG