Մատչելիության հղումներ


Ռոբերտ Քոչարյանը Եվրախորհրդարանի նախագահ Նիկոլ Ֆոնտենի հետ:

Երեկ Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե Ղարաբաղը կարող է "դե յուրե" անկախ լինել, եթե Ադրբեջանին հավասար իրավունքներ ստանա: Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին հայտնեց լրագրողներին, թե կոչ է արել Քոչարյանին նոր ջանքեր գործադրել ղարաբաղյան հարցը լուծելու համար: Ռոմանո Պրոդին կրկնեց Եվրամիության այն տեսակետը, ըստ որի կովկասյան երկու հակամարտող կողմերի միջեւ հարաբերությունները նորմալացումը կարող է սկսվել տնտեսական համագործակցությունից:

«Եվրոպական ոճին միշտ բնորոշ է եղել քաղաքական ակտիվ համագործակցության առաջին փուլում դիմել տնտեսական համագործակցությունը», - ասել է նա թղթակիցներին: - «Իմ կարծիքով, բարդ իրավիճակներում ավելի դյուրին է սկսել պարզ տնտեսական համագործակցությունից, ուստի կոչ եմ անում եւ հուսով եմ, որ այդպես էլ կարվի»:

Եվրամիությունն աշխատել է խթանել տնտեսական համագործակցությունն ու ինտեգրացումը անհանգիստ ու փոփոխական Հարավային Կովկասում՝ մի շարք հեռահար նպատակներ ունեցող տրանսպորտային ծրագրերի միջոցով, որոնք, պիտի նպաստեին նաեւ տարածաշրջանի եւ Եվրոպայի միջեւ առեւտրի զարգացմանը: Ադրբեջանը կտրականապես դեմ է մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնելը Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելուն: Բաքվում մտածում են, թե տնտեսական համագործակցությունը կմեղմի հայերի սոցիալական ու տնտեսական դժվարությունները եւ ետ կպահի խոշոր զիջումներ անելուց:

Երեւանում, ի հակադրություն, այն տեսակետին են, որ փոխադարձ վստահության այնպիսի միջոցները, ինչպես հայ ադրբեջանական սահմանի բացումը առեւտրի եւ տրանզիտ բեռնափոխադրումների համար, կնպաստեն խաղաղության փոխընդունելի բանաձեւ գտնելուն: Ընթացիկ շաբաթվա սկզբին՝ Բրյուսել մեկնելու նախօրեին Քոչարյանը մեկ անգամ եւս հաստատել էր այս դիրքորոշումը:

Չորեքշաբթի օրը Հայաստանի ղեկավարը Բրյուսելում ասել է, որ ապագա խաղաղ պայմանագրում Ադրբեջանի ու Ղարաբաղի հարաբերությունները պիտի կառուցվեն հավասարության սկզբունքով: Դա, ըստ Հայաստանի նախագահի, կնշանակի Ղարաբաղին տալ դե ֆակտո եւ դե յուրե անկախություն:

«Այո, դե յուրե: Այժմ մենք քննարկում ենք հիմնահարցի լուծման ուղիները, եւ կա շատ կարեւոր դրույթ, որի հիման վրա կարելի է գտնել հարցի լուծումը: Հավասար իրավունքներ՝ երկու կողմերի համար, կնշանակի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո եւ դե յուրե անկախություն»: ուցե պետք է գտնել ինչ որ մի բանաձեւ, առաջարկված "Ընդհանուր պետության" լուծման նմանությամբ, ասաց Հայաստանի նախագահը:


Պրոդին եւ Քոչարյանը քննարկել են նաեւ Եվրամիություն - Հայատան առեւտրական հարաբերություններն ու Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակության ծրագրերը: Եվրամիության գործադիր ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել այն առիթով, որ, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, Հայաստանը շարունակում է հակված մնալ Մեծամորի ատոմակայանը փակելուն:

Ահթո Լոբջակաս՝ Բրյուսել, Էմիլ Դանիելյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG