Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետները հորդորում են բարելավել ընտրական օրենսգիրքը


«Եթե Հայաստանի քաղաքացին չհավատա, որ իր քվեով մասնակցում է երկրի կառավարմանը եւ նկատի, որ իր ձայնն անտեսվում է, կհեռանա երկրից՝ ավելի լավ հնարավորություններ գտնելու ակնկալիքով», - այսօր Երեւանում ընտրական օրենսգրքի կատարելագործմանը նվիրված քննարկումների ժամանակ ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քելթ Սիմոնսը:

Իսկ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, անդրադառնալով, մասնավորապես, ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, ասաց, որ դրանք պիտի կազմավորվեն այնպիսի սկզբունքներով, որպեսզի հանձնաժողովների անդամները ոչ թե կուսակցական հանձնարարություններ կատարեն, այլ՝ պետական աշխատանք: Մինչդեռ, ներկայումս գործող կարգի համաձայն խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններն իրենց հաստատագրված տեղերն ունեն բոլոր ընտրական հանձնաժողովների կազմում:

Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, ՀՀ ԱԺ-ի եւ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով հունիսի 7-8-ը Երեւանում անցկացվող քննարկումների նպատակը ընտրական օրենսգրքի կատարելագործումն է: Ամերիկացի եւ հայ փորձագետները կքննարկեն զինվորականների քվեարկությանը, ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, դրանց աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Արտակ Սահրադյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն մշակված են ընտրական օրենսգրքի հետ կապված քաղաքական, կազմակերպչական եւ տեխնիկական լուծումներ առաջարկող փաթեթները, որոնք կներկայացվեն ԱԺ-ին՝ ընդգրկելով նաեւ ներկա քննարկումների ընթացքում ձեւակերպվելիք առաջարկությունները:

Քաղաքական խնդիրներից մեկն արդեն լուժված է. ըստ 2003 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի, համամասնական եւ մեծամասնական մանդատների հարաբերակցությանը սահմանված է համապատասխանաբար՝ 94 եւ 37:

Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG