Մատչելիության հղումներ

Երեւանում կայանալիք միջազգային համաժողովը կքննարկի Եվրասիական տնտեսական համագործակցության հեռանկարները


Հունիսի 14-17-ը Երեւանում կանցկացվի «Եվրասիական տնտեսական համագործակցություն: Վիճակն ու հեռանկարները» թեմայով միջազգային համաժողով, որի կազմակերպման նախաձեռնողներն են Հայաստանի կառավարությունը, Հայաստանի, Ռուսաստանի արդյունաբերողների միությունները եւ Արդյունաբերողների միջազգային միությունը: Համաժողովի անցկացումը նպատակ է հետապնդում աշխուժացնել տնտեսական կապերը Եվրասիայի տարածքում եւ ընդլայնել դրանցում Հայաստանի մասնակցությունը:

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորելու է Պետդումայի պատգամավոր, Դումայի՝ Հայաստանի ԱԺ-ի հետ կապերի գծով պատգամավորական խմբի ղեկավար Նիկոլայ Ռիժկովը: Շուրջ 100 անդամներից բաղկացած պատվիրակության կազմում կան նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ, գիտնականներ ու մասնագետներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասաց Ռուսաստանի արդյունաբերողների միության աշխատակազմի ղեկավարի միջազգային հարցերի գծով տեղակալ Էդուարդ Բարշչեւսկին, Հայաստանի ձեռներեցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առաջիկա համաժողովի նկատմամբ. արդեն վեց տասնյակից ավելի հայ գործարարներ ելույթ ունենալու ցանկություն են հայտնել: Ավելի մեծ է համաժողովի շրջանակներում անցկացվելիք կլոր սեղաններին մասնակցելու հայտեր ներկայացրածների թիվը:

Բացի ԱՊհ երկրների ներկայացուցիչներից, երեւանյան համաժողովին սպասվում է նաեւ Չեխիայի, Բուլղարիայի եւ Հարավսլավիայի պատվիրակների մասնակցությունը:


Արթուր Տերյան՝ Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG