Մատչելիության հղումներ

Հայաստանի անդամակցությունն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը կարող է ստիպել Թուրքիային վերացնել հայկական տրանզիտի բեռնարգելքը:


Եթե Հայաստանն անդամակցի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), «Թուրքիայի համար շատ կդժվարանա հայկական տրանզիտի բեռնարգելքը։ Թուրքիան առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ու այս հարցում ես ոչ մի արդարացում չեմ տեսնում։ Եթե Հայաստանը ԱՀԿ անդամ լիներ, ապա կարող էր օգտագործել նրա մեխանիզմները եւ ստիպել այլ երկրներին հարգել կազմակերպության կանոնները», - այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերին նվիրված սեմինարում այսօր ասաց հիմնական բանախոս, ԱՀԿ ավագ խորհրդատու Փիթեր Նառեյին:

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ անցկացվող երկօրյա սեմինարին մասնակցում են շահագրգիռ նախարարությունների, միջազգային ֆինանսական եւ խորհրդատվական կազմակերպությունների եւ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Փիթեր Նառեիի կարծիքով, այդ կազմակերպությանն անդամակցելը Հայաստանին թույլ կտա միջազգային առեւտրում օգտվել առավել բարենպաստ ռեժիմից, պաշտպանել սպառողների շահերը, զերծ մնալ խտրական մաքսերից ու առեւտրում հաճախ դրսեւորվող կամայականություններից, ավելացնել ներդրումները։ Մյուս կողմից, դա կպարտավորեցնի ազատականացնել արտաքին առեւտրային ռեժիմը, ձեռնպահ մնալ օտարերկրյա արտադրողների հանդեպ խտրական միջոցների կիրառումից, մասնավորապես, այսպես կոչված, դեմպինգային, այսինքն` չհիմնավորված ցածր գներով ապրանքների ու ծառայությունների վաճառքից։

Մեր հանրապետությունում, սակայն, իրարամերժ կարծիքներ են հնչում հիշյալ կազմակերպությանն անդամակցության ժամկետների ու պայմանների շուրջ։ Պաշտոնյաները ձգտում են դա որքան հնարավոր է արագ անել։ Մասնագետներից շատերը եւ գործարար շրջանակների ներկայացուցիչները, մեղմ ասած, չեն կիսում այդ շտապողականությունը:

Այսպես, ըստ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանի, ԱՀԿ անդամ 140 երկրների հետ երկկողմ բանակցություններն ավարտվել են։ Բազմակողմ ձեւաչափով ընթացող բանակցությունները եւս ավարտին են մոտենում. միակ առարկություն ունեցող երկիրը ԱՄՆ-ն է, որը մեզանից պահանջում է սահմանել մտավոր սեփականության արդյունքների պաշտպանության առավել ազատական ռեժիմ ։

«Միջազգային առեւտուրը որոշակի, արդեն ձեւավորված խաղի կանոններ ունի եւ մեզ խնդրում են, որ այդ կանոններով շարժվենք: Այդուհանդերձ, մեր նկատմամբ ըմբռնումով են մոտենում, հաշվի առնելով, որ մեր երկիրն անցումային փուլում է, եւ մենք չենք կարող անմիջապես լուծել բոլոր խնդիրները: Եվ բանակցությունների հիմնական նպատակներից մեկը մեզ մի քանի տարի տեւողությամբ անցումային շրջան տրամադրելու խնդիրն է», - ասաց Տիգրան Դավթյանը, ավելացնելով, որ անդամակցության հարցը կլուծվի մինչեւ տարեվերջ: Ի դեպ, անցյալ տարվա հոկտեմբերին, նույն պաշտոնյան նույնպես տարեվերջն էր (բնականաբար՝ անցյալ տարվա) նշել որպես ԱՀԿ-ին Հայաստանին անդամակցելու ժամկետ:

Ազգային գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր Ստեփան Մարգարյանի կարծիքով, սակայն, մենք դեռեւս պատրաստ չենք անդամակցելու ԱՀԿ-ին, քանի որ, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի ինչպես որակի, այնպես էլ ապրանքային տեսքի առումով մեր արտադրանքն համաշխարհային շուկայում առայժմ մրցունակ չէ:

Մեր գործարար աշխարհը եւս այն կարծիքին է, թե Հայաստանը դեռեւս պատրաստ չէ ԱՀԿ անդամությանը: «Այսօր Հայաստանի պոտենցիալը թույլ չի տալիս անդամակցել այդ կազմակերպությանը, եւ եթե մենք մտնենք այսօր, դա միայն վնաս կբերի մեզ: Մեր արդյունաբերությունը պետք է ոտքի կանգնի, զարգանա, պաշտպանված լինի... Դրանից հետո միայն կարելի է մտածել ԱՀԿ-ին անդամակցելու մասին», - ասաց էլեկտրալամպեր արտադրող «րանդ ՍԱՆ» ընկերության ֆինանսական գծով փոխտնօրեն Սեդրակ Սեդրակյանը՝ իբրեւ օրինակ վկայակոչելով Չինաստանի փորձը, որն արդեն 16 տարի բանակցություններ է վարում ԱՀԿ հետ` իր անդամակցության առավել բարենպաստ պայմանների շուրջ։ Ռուսաստանի դաշնությունը նույնպես, ըստ Սեդրակ Սեդրակյանի, չի պատրաստվում մոտ ժամանակներում անդամակցել այդ կառույցին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG