Մատչելիության հղումներ

logo-print

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքը վերահսկող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը սկսում է գործունեությունը


Հայաստանի ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարներն ու հանրապետության գլխավոր դատախազը վաղը՝ հունիսի 6-ին, աշխատանքային խորհրդակցության են հրավիրվել «Հոկտեմբերի 27»-ի գործով վերջերս ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Հավանության չարժանացավ հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանի՝ խորհրդակցությանը նաեւ արդարադատության նախարարին հրավիրելու առաջարկը:

Այսօրվա նիստում հանձնաժողովն ընտրեց իր փոխնախագահին. դա անկախ պատգամավոր ագիկ Կոստանդյանն է: Հանձնաժողովն ավարտեց իր կանոնակարգի քննարկումը, որը, խմբագրական հանձնաժողովի կողմից բոլոր առաջարկություններն ու լրացումներն ամփոփելուց հետո, վերջնականապես հաստատվելու է վաղը:

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նորընտիր փոխնախագահը, անդրադառնալով հանձնաժողովի վրա ճնշումների հնարավորությանն, ասաց. «Ճնշման անպայման կենթարկվենք, որովհետեւ մենք այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ հնարավոր չէ, որ ճնշումներ չլինեն»: Ճնշողները նրանք են լինելու, «ում կրունկը կտրորվի»:

Գագիկ Կոստանդյանը խոսեց նաեւ հանձնաժողովի աշխատանքային ծրագրի մասին. «Նախաքննությունից սկսած մինչեւ դատավարություն, բոլոր օղակներով պետք է մանրամասն ստուգումներ կատարել, որպեսզի ժողովուրդը, հասարակությունը վերջնականապես իմանա, թե ինչ է կատարվել, որն է իրականությունը եւ, արդյո՞ք, այն, ինչ ներկայացվում է, համապատասխանում է իրականությանը»:

ՀԺԿ-ն ներկայացնող պատգամավոր Գրիգոր Հարությունյանի նախաձեռնությամբ, հանվեցին հանձնաժողովի կազմում ենթախմբեր ստեղծելու մասին կանոնակարգի նախագծում տեղ գտած դրույթները: Նախաձեռնության հեղինակը փաստակեց, թե հանձնաժողովի անդամները չպետք է պարփակվեն մեկ ուղղության շրջանակներում, այլ կարողանան հասու լինել ողջ տեղեկատվությանը՝ այդպիսով չսահմանափակելով խմբերի ու խմբակցությունների տեղեկացված լինելու իրավունքը:

Հանձնաժողովը որոշեց, որ աշխատանքային կարգով կլուծվեն հանձնաժողովի առանձին անդամների կողմից՝ իրենց հայեցողությամբ, մեկուսարան այցելելուն վերաբերող հարցերը: Դեռեւս պիտի հստակեցվի, սակայն, թե պատգամավորների այդ այցերն ինչպես կվերահսկվեն, ինչպիսի հաշվետվություններ կներկայացվեն յուրաքանչյուր այցի վերաբերյալ՝ քանի որ անվստահություն կա նաեւ հանձնաժողովի անդամների միջեւ:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG