Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Շաբաթասկզբի մամուլի հիմնական թեման Ժողկուսակցության համագումարի, այսպես ասած, մարսումն է: «Համագումարը, որքան էլ տարօրինակ է, բանաձեւ չընդունեց», - ընդգծում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Այդպես էլ չընդունվեց որեւէ փաստաթուղթ, որ ամփոփեր» հիմնական ասելիքը: «Այսինքն, վերստին անհասկանալի է, ՀԺԿ-ն ընդդիմադի՞ր կուսակցություն է, թե՞ իշխանական... Ստացվում է մի վիճակ, երբ կուսակցության շարքերը ընդդիմադիր են, բայց վերնախավը քաղաքական խաղերին ու ինտրիգներին մասնակցելու լայն հնարավորություն է ստանում», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Բանաձեւը կարեւոր էր հենց այս առումով. այն պետք է կուսակցության ղեկավարներին «խաղեր տալու» հնարավորությունից զրկեր»:

«Երկիր» թերթն էլ, ձեւակերպելով, որ հոկտեմբերի 27-ից, Կարեն Դեմիրճյանից հետո ՀԺԿ-ում սկսվեց «խաղեր տալու» ժամանակը, կուսակցության վիճակը պատկերում է այսպես. «Կուսակցության ներսում վաղուց է, ինչ տեղի է ունենում «վերեւների» ու «ներքեւների» հեռացում: «Վերեւները» առավել միտված են իշխանություններին մոտենալուն, մինչդեռ «ներքեւները», որոնցով պայմանավորված է կուսակցության հզորությունն ու ուժը, ընդգծված հակաիշխանական են: Ստեղծված անջրպետի վերացումը պարտադիր քայլ էր կուսակցության համար, այլապես այն կարող էր հանգեցնել ներկուսակցական ճգնաժամի: Սա լավ են հասկանում կուսակցության «վերեւները», իսկ «ներքեւների» հակաիշխանական ձգտումներին հագուրդ տալ հնարավոր էր միայն խիստ տպավորիչ հականախագահական, հակակառավարական, հակախորհրդարանական ու էլի բազմաթիվ «հակա»-ներով ծանրաբեռնված ելույթներով: «Ներքեւների» բուռն ծափերից կարելի էր վստահաբար ասել, որ «վերեւներին» հաջողվեց գոնե այս փուլում անջրպետը կասեցնել», - ամփոփել է «Երկիր»-ը:

«ՀԺԿ համագումարում հնչած ելույթներն ու զեկույցները ոչ այն է՝ ընդդիմադիր կուսակցության ելույթներ էին, ոչ այն է՝ դիմադիր», - իր հերթին տարակուսում է «Ժամանակ»-ի մեկնաբանը: - ՀԺԿ-ականները «վարպետորեն կարողանում են ժողովրդին դուր գալու համար մեկ ընդդիմանալ (բայց թեթեւ, որ իրենց չվնասեն), մեկ՝ դիմանալ»:


«Իրավասությունների հարցում ՀԺԿ-ն առաջնորդվում է շաղգամը ինձ՝ տերեւները քեզ սկզբունքով, բայց պատասխանատվության հարցում հիրավի անկրկնելիորեն սկզբունքային է», - հեգնում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, որի պրպտումները հանգեցրել են այն եզրակացության, թե «ՀԺԿ-ն ստեղծվել է ոչ թե նրա համար, որ ծառայի Հայաստանին, այլ ընդհակառակը՝ Հայաստանն է ստեղծվել ՀԺԿ-ին ծառայելու համար»: «Այս երեւույթը, որն, անկասկած, այս կամ այն չափով բնորոշ է նաեւ մեր քաղաքական դաշտում ներկայացված մյուս ուժերի համար, ստեղծել է քաղաքական կարգախոսների շղարշի տակ քողարկված տիպիկ կլամային-շահակցական միությունների այն անկրկնելի պատկերը, որի ծաղկեփնջի «ամենաբուրումնավետ» ծաղիկներից մեկն է ՀԺԿ-ն», - ընդհանրացվում է «Հայոց Աշխարհ»-ում:

«Իրավունք» թերթը, ՀԺԿ համագումարի խորապատկերի վրա առանձնացնում է, մասնավորապես, «Միասնություն» դաշինքի տարօրինակ, անտրամաբանական դրվածքը. «Նույն դաշինքում միավորված են կուսակցություններ, որոնք առանցքային՝ պետական կառավարման մոդելի հարցի շուրջ ունեն տրամագծորեն հակառակ տեսակետներ: Մնում է եզրակացնել, որ այդ երկու կուսակցությունները միմյանց ձեռքը կրակն են ընկել, բայց, միաժամանակ, զուտ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, չեն կարողանում լուծարել անտանելի դարձած «քաղաքական ամուսնությունը»:

«Մայիսի վերջին մոսկովյան «Պարոնամա» ինֆորմացիոն-փորձագիտական կենտրոնը, որը զբաղվում է Ռուսաստանի - ԱՊՀ երկրների հասարակական-քաղաքական կյանքի հետազոտությամբ», երկրոդ անգամ «Ազգ» թերթի հետ համատեղ անցկացրել է հարցում՝ «նպատակ ունենալով պարզել այն գործիչներին, որոնց գործունեությունը առավելագույնս ազդում է Հայաստանի քաղաքական զարգացումների վրա: Նախորդի համեմատ, փորձագետների թիվը աճել է, այս անգամ հարցմանը մասնակցել են ոչ միայն Հայաստանի ամենաազդեցիկ լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի աղբյուրների ներկայացուցիչներ, այլ նաեւ հայտնի քաղաքագետներ եւ սոցիոլոգներ՝ թվով 24 փորձագետ»: «Ազգ»-ի մատուցման մեջ առաջին հերթին սրա հետ է կապվում, որ ցուցակը կրել է զգալի փոփոխություններ: Այսուհանդերձ, ազդեցիկության ցուցանիշով ցուցակը բացարձակ առավելությամբ գլխավորում են նախագահ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Վերջինս նախագահից բացի միակն է, ում փորձագետներից մի քանիսը համարել են ամենաազդեցիկը: Առաջին հնգյակում են նաեւ Անդրանիկ Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս դիրքերի կտրուկ ամրապնդումը բացատրվում է նրանով, որ «հարցման անցկացման օրերին ժողովրդականներին հաջողվեց ԱԺ-ում անցկացնել «Հոկտեմբերի 27»-ի դատավարության պատգամավորական հանձնաժողովի ստեղծման նախագիծը»: Տասնյակի մյուս դեմքերն են. Դաշնակցությունից Հրանտ Մարգարյանը, «Իրավունք եւ միաբանությունից» Արտաշես եղամյանը, Աշոտ Մանուչարյանը, պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ գործարար Հրանտ Վարդանյանը:

«Առավոտ» թերթն այսօր շարադրում է Ղարաբաղի հարցով ժնեւյան հանդիպման տապալման երեք հնարավոր պատճառ: Առաջին՝ «հասարակական կարծիքը Հայաստանում եւ Ադրբեջանում հակված չէ ընդունել որեւէ փոխզիջում: Պնդումը տեսականորեն ճիշտ է, բայց ավելի շատ նման է ինքնարդարացման», - նշում է «Առավոտ»-ը: - «Դժվար է խոսել Ադրբեջանի մասին, բայց այսօրվա Հայաստանում հասարակությունը եւ նրա կարծիքը այնպիսի մի ուժ չեն, որ կարողանան ազդել «վերեւների» որոշումների վրա»: «Երկրորդ պատճառը կարող է այն լինել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վերնախավերը եւ, առաջին հերթին, նախագահները շահագրգռված չեն ղարաբաղյան հարցի վերջնական լուծման մեջ: Այստեղ էլ կա տրամաբանություն. երբ Միլոշեւիչը ստորագրեց Դեյթոնի համաձայնագիրը, նա այլեւս ոչ մեկին պետք չէր, եւ նրա հետ, ի վերջո, շատ կոպիտ վարվեցին»,- զուգահեռում է «Առավոտ»-ը: Իսկ «ամենահավանական եւ ամենաազդեցիկ պատճառն այն է, որ գերտերություններն առայժմ չեն պայմանավորվել խնդրի կարգավորման երկուստեք ընդունելի սկզբունքների շուրջ»: «Առավոտ»-ի համոզմամբ, «եթե դա տեղի ունենա, ապա անկախ նրանից, լուծումը կլինի «Փաթեթային» թե «Փուլային», պարտվողական թե հաղթողական, Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց հասարակություններն ու նախագահները ի զորու չեն լինելու հակազդել այդ բարձր պայմանավորվածություններին»:

«Ազգ» թերթի մեկնաբանն այսօր ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանաձեւ կարող է գտնվել թերեւս միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վերջապես ճշտեն՝ ինչ է իրենցից յուրաքանչյուրի ուզածը: «Ներկա պայմաններում Մոսկվայի համար առաջնայինը ոչ թե ԼՂ խնդրի կարգավորումն է, այլ ԼՂ հարցի շահարկմամբ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացումը», - այս եզրակացությանն են մեկնաբանին մղել վերջին շրջանի որոշ դիվանագիտական ակնարկներ: Վերլուծականում առանձնակի շեշտված է. «Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելու ռուսական նախագիծը միայն կբարդացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դա ոչ միայն իրատեսական չէ, այլեւ լի է անկանխատեսելի հետեւանքներով... Հայաստանը չի կարող ընդունել Ղարաբաղը համայնքների բաժանելու գաղափարը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG