Մատչելիության հղումներ

Հունանյանը կրկին պնդում է, թե իրեն ստիպել են նախագահի դեմ ցուցմունքներ տալ




«Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում Նաիրի Հունանյանը, երկրորդ անգամ բացարկ հայտնելով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին (առաջին բացարկը հայտնել էր դատավարության առաձին իսկ նիստում) հայտարարեց. «2000թ. փետրվարին պարոն Մարտիրոսյանը, զինդատախազ Ջհանգիրյանի ցուցումով, ինձ համոզում էր....որպեսզի ես հեռուստատեսությամբ հայտարարեմ, որ սպանությունները եղել են միջնորդավորված, եւ միջնորդավորողը Ռոբերտ Քոչարյանն է եղել»: Ամբաստանյալի խոսքերով, ինքը «կամաց-կամաց դատարանին հայտնելու է» նաեւ այլ փաստեր:

Մեղադրող Մարտիրոսյանը, ի պատասխան ամբաստանյալի հայտարարությանն, ասաց. «Հայտնում եմ դատավարության մասնակիցներին, որ ամբաստանյալ Հունանյանին տեսել եմ մեկ անգամ ընդամենը»: Ըստ Հունանյանի, իր հետ այդ ուղղությամբ աշխատանք են տարել նաեւ օպերատիվ խմբի անդամները, թեեւ, ինչպես պարզվեց, այդ ամենի ականատեսներ ու վկաներ չեն եղել: Ամբաստանյալի այս միջնորդությունը մերժվեց:

Բավարարվեց, սակայն, Հունանյանի միջնորդությունը Ազգային անվտանգության մեկուսարանից այն մատյանները պահանջելու մասին միջնորդությունը, որտեղ գրանցվում են քննիչների եւ օպերատիվ աշխատողների մուտքերն ու ելքերը. պարզել, թե երբ եւ որտեղ են հարցաքննվել իր խմբի մյուս չորս անդամները, ինչպես նաեւ այժմ վկաներ Ալեքսան Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Նաիրի Բադալյանը եւ Մուշեղ Մովսիսյանը: Այս, ինչպես նաեւ բավարարված մյուս միջնորդությանբ՝ Ազգային անվտանգության մեկուսարանից առգրավել եւ հետազոտել իր արյունոտված հագուստը, Հունանյանը հետեւողականորեն շարունակում է մեղադրել նախաքննական մարմինը՝ իրենց նկատմամբ բռնություններ կիրառելու եւ կեղծիքներ թույլ տալու համար:

Մերժվեց ամբաստանյալ Էդիկ րիգորյանի միջնորդությունը Նաիրի Հունանյանի ցուցմունքները ոչ թե հրապարակելու, այլ դրանց արձանագրություններն իրենց տրամադրելու եւ դրանց մանրամասնորեն ծանոթանալու համար ժամանակ հատկացնելու մասին: Այնուհետեւ շարունակվեցին հրապարակվել Նաիրի Հունանյանի ցուցմունքները:

Դրանք ամբողջությամբ հրապարակելու համար կպահանջվի, հավանաբար, եւս երեք դատական նիստ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG